Պաշտոնապես Հայաստանում նվազել են բեռնափոխադրումների ծավալները 27 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ երկաթուղային բեռնափոխադրումներն են բավականին նվազել՝ 25.5 տոկոսով: Նշված ժամանակահատվածում պակասել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները` 19.9 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում է զգալի անկում գրանցվել՝ 35.8 տոկոսով:
Ավելին ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է 31.6 տոկոսով, ներմուծումը` 27.1 տոկոսով: Իսկ ավտոտրանսպորտով ներհանրապետական բեռնափոխադրումները, նվազել են, այն էլ` 40.1 տոկոսով: Ի դեպ, հենց այս նվազման հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը պակասել է: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 63.6 տոկոս, իսկ ներմուծումը` 45.5 տոկոս:
Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 6.3 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում ուղեւորափոխադրումները նվազել են 10.1 տոկոսով: Այս հունվարին պակասել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 7.3 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ զգալի նվազել են` 21 տոկոսով: Այսինքն` այս հունվարին տաքսիներից օգտվել է 127 հազար 100 մարդ: Մյուս կողմից նկատենք, որ 3.2 տոկոսով պակասել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները: ArmLur.am-ը պարզեց, որ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները եւս նվազել են՝ 21.1 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:
Սյունէ Համբարձումյան