ՖՈՏՈ. «Կշեռք է պետք տեղադրել, ով շատ է բարձում, մի հատ տուգանենք». մի քանի գյուղ իրար կապող կամուրջը՝ փլուզման վտանգի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհն արդեն մի քանի տարի է, ինչ անանցանելի է: Տեւական ժամանակ է, ինչ Ջրառատ, Լուսագյուղ, Մեծամոր գյուղերի բնակիչներն ահազանգում են ArmLur.am-ին՝ նշելով, որ իրենց գյուղերի ճանապարհներն ավազով բարձված բեռնատարները վնասում են:

Ավազ տեղափոխող ծանր մեքենաներն ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ, իրենց ծանրության տակ ասֆալտը դեֆորմացնում են: Ինչի արդյունքում ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, փոսերն ավելի են մեծանում:


Իսկ օրեր առաջ էլ մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր են առաջացել եւ երթեւեկությունն էլ անհնար է դարձել, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնել` մի հատվածը ճաքել է: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել են երթեւեկելի հատվածից: Նշենք, որ այս կամրջի ճաքերի եւ քանդված լինելու մասին տեղի բնակիչները բազմաթիվ անգամ են բարձրաձայնել, անգամ բողոքի ակցիա են իրականացրել: Մարզային իշխանությունները բնակիչներին խոստացել են հիմնովին նորոգել կամուրջը, բայց այդպես էլ խոստմանը տեր չեն կանգնել: Նախ՝ կամուրջը վերանորոգելու խոստումը գյուղացիներին տվել է Արմավիրի նախկին մարզպետ, ներկայիս ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Բայց արի ու տես, որ փոխվարչապետ նշանակվելուց հետո Մաթեւոսյանը մոռացել է իր խոստման մասին: Բնակիչների այս ահազանգը չի հետաքրքրում նաեւ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին վթարային կամրջի կողքի հատվածը ժամանակավորապես կարգի է բերվել եւ հանձնվել է շահագործման:
Ի դեպ, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից այս խնդրի առնչությամբ հայտնում են, որ Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.1 կմ հատվածում անվտանգությունն ապահովելու համար կատարվել են երթևեկության սահմանափակումներ, իսկ կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։ Նշենք, որ բեռնատարները տվյալ հատվածը շրջանցում են Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

Իսկ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ Այժմ իրականացվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթաց։ Այսինքն կառավարությունը սկսեց խնդրով մտահոգվել ճիշտ այն ժամանակ, երբ ինչպես ասում են՝ «դանակը հասավ ոսկորին»: Թե երբ կկառուցվի ճաքած կամուրջը, ժամկետներ չկան նշված: Ժամկետ չի նշում նաեւ Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը:

«Ժամկետներ չեմ կարող նշել, միայն կասեմ, որ այսօրվանից նախագծային աշխատանքներ են իրականացնելու: Ես էլ եմ միանում բնակիչների բողոքին, էդ ավազով բեռնված մեքենաները քարուքանդ են անում մեր ճանապարհները: Մի կշեռք է պետք տեղադրել, ով շատ է բարձում, մի հատ տուգանենք… երկու անգամ տուգանվելուց հետո երրորդին շատ չի բարձի: Հիմա չենք կարող պատժել, որովհետեւ կասեն քիչ է բարձած, բայց մենք էլ կշեռք չունենք, որ ապացուցենք հակառակը: Մենք դիմել ենք մարզպետարան, խնդրել ենք կշեռք տրամադրել, բայց դեռ արձագանք չկա»,- լրացրեց Ղազար Ղազարյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս