Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից ռուս պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումը համապատասխան արձագանքի կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:

«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարությանը, կփորձենք հիմա ձեռնարկել հստակ քայլեր՝ հանգստացնելու մեր գործընկերներին»,- ասել է նա:

Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին:

Ի պատասխան նման հայտարարության՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Միխայիլ Դելյագինը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:




Լրահոս