Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկվել է Փաշինյան-Ալիև հանդիպումն ու հարցերի լայն շրջանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Այս մասին տեղեկությունը հրապարակված է ԵՄ կայքում, նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է՝ երկու երկրների միջև մի շարք խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով:

Հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը մի քանի օր առաջ այցելել էր տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան:

Քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերին առնչվող լայն շրջանակ՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակություն»,– ասվում է հայտարարության մեջ:

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որի ժամանակ, ինչպես նշվում է, Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:




Լրահոս