Կրեմլը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ դիտարկվում է սխեմա, որով օտարերկրյա գործընկերները կարող են գազի դիմաց եվրոյով վճարել «Գազպրոմբանկի» միջոցով, որն այնուհետև միջոցները կփոխարկի ռուբլու:
Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք իսկապես դիտարկվում է սխեման, որի մասին նախօրեին հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։
«Դա քննարկվում է»,- պատասխանել է Պեսկովը։
Պուտինի և Շոլցի զրույցից հետո Գերմանիայի կառավարությունից հայտնել էին, որ գազի դիմաց վճարումները կատարվելու են եվրոյով «Գազպրոմբանկի» միջոցով, որը դրանք կփոխարկի ռուբլու։
Պեսկովը չի հայտնել այդ սխեմայի մանրամասները և չի ասել՝ արդյոք դա կտարածվի միայն Գերմանիայի, թե նաև այլ երկրների վրա։
«Մանրամասները կհետևեն, հիմա մենք մանրամասներ չենք բացահայտի»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ նա բացատրել է, որ բոլոր մանրամասները ներկայացվել են Բեռլինի գործընկերների ուշադրությանը։
Պատասխանելով պարզաբանող հարցին, թե արդյոք Ֆրանսիան և Իտալիան պատրաստակամություն են հայտնել նման սխեմայի, Պեսկովն ասել է. «Տեղեկությունը ներկայացրել է նաև նախագահը»։
Գործակալությունը նշում է, որ նախօրեին Պուտինը զրույց է ունեցել Շոլցի, այնուհետև Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, մարտի 29-ին նա հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։