«ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ»-Ը՝ ԱԿՏՈՒԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, որի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Ռուզաննա Տոնոյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է փաստաթղթաշրջանառության բաժնում որպես մասնագետ: Եւ ամենակարեւորը՝ նախարարությունից ընդգծեցին, որ նախարարի կինն այդ բաժնում աշխատանքի ընդունվել է դեռեւս 2020 թվականին՝ մինչեւ Գնել Սանոսյանի նշանակվելը: Բայց, միեւնույնն է, շահերի բախում է. չէ՞ որ չի բացառվում, որ նախարարի կնոջ նկատմամբ իր վերադասները արտոնյալ վերաբերմունք դրսեւորեն:

 

 

44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը մոտ 10 օր անց հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը: Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն կյանքի վերադարձի հարցերը փաստացի չեն լուծվել: Ավելին՝ Արցախում լարվածությունն ու անվտանգության հարցը գնալով ավելի է ահագնանում: Փաշինյանի հայտարարությունից հետո ամբողջապես չի լուծվել նաեւ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Մինչ օրս անհայտ է նաեւ անհետ կորածներից շատերի ճակատագիրը: «Պատերազմին մասնակցած անձանց եւ, ընդհանուր առմամբ, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում» դրույթի մասով առհասարակ որեւէ աշխատանք չի տարվել: Նիկոլ Փաշինյանի նշած կետերից միայն քաղաքական դրույթներն են որոշակիորեն կատարվել, այն է՝ Ընտրական օրենսգրքի ընդունումը, ապօրինի գույքը բռնագանձելու համար դատարանի կյանքի կոչումն ու արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի պարբերական հանդիպումը, որոնք բացառապես քաղաքական հարցեր են: Ինչ վերաբերում է 44-օրյա ավերիչ ու աղետաբեր պատեազմի հետեւանքով առաջացած օրհասական խնդիրներին, դրանք մեծամասամբ չլուծված են մնացել:

 

 

 

«Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից սոցիալական ցանցում մի շարք արգելված հրապարակումներ, հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն եւ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քերական գործի նախաքննությունով  ուշագրավ  իրավիճակ  է ստեղծվել: Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն եւ ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում եւ օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը՝ ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին եւ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք են «Ֆեյսբուք»-ում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական եւ հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաեւ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։ Նշյալ անձինք սկզբում ձերբակալվել են, այնուհետեւ, դատարանի որոշմամբ, ազատ են արձակվել, նրանցից ոչ մեկը կալանավորված չէ։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ այս  քրեական  գործով  անցնող անձանց մասով  շուրջ 1 տարի որեւէ  ապացույց  ձեռք  չի  բերվել, ուստի  չի բացառվում, որ գործով անցնող  անձանց  նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցվի:

 

 

 

 

Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովում գործող քննիչ հանձնաժողովները հաճախ չեն հասցնում կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, եւ կարիք է լինում երկարաձգել դրանց գործողության ժամկետը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ քննիչ հանձնաժողովների գործողության ժամկետը վեց ամիս է։ Եվ հիմա փոփոխություն է առաջարկվում կատարել այդ սահմանադրական օրենքում։ Հիմնավորման մեջ նշվում է որ դրույթը խնդրահարույց է, քանի որ փորձը ցույց տվեց, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգեցին հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ քննիչ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորմանը: Նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել՝ դարձնելով մեկ տարի, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով:

 




Լրահոս