ԳՈՒՅՔՆ ՈՒ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Ըստ դատախազության` հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Երեւան քաղաքում գտնվող 8 բնակարանները եւ Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին եւ 2 հողամասեր, ինչպես նաեւ 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ, եւ այլ դրամական եւ գույքային միջոցներ:

 

Նկատենք, որ դեռեւս 2016 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրանի եւ զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանի շուրջ տարածված խոսակցություներին: Եվ այսպես, 2016 թվականի մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածվել էր անանուն լսանյութ:

Լսանյութի մեջ ակնհայտորեն փոխված բամբ ձայնով տղամարդը խոսում է մաքսային ծառայությունում առկա կոռուպցիոն երեւույթների մասին՝ հայտնելով. «Միջին եւ բարձր պաշտոնները զբաղեցնող աշխատողները, անկախ իրենց մասնագիտական եւ մարդկային որակներից, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի եւ առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ եւ ցանկալի է անաղմուկ ազատվել»:

Անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով: Անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դարձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչդեռ այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է Պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացածները մաքսային ծառայության մասին են պատմում՝ չնկատելով այդ «մանրուքը»: Ինչեւէ, տեսանյութում հիշատակված զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը նախորդ տարվա դեկտեմբերից պաշտոնանկ է արվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ակնհայտ է, որ տեքստ կառուցողներն իրականում համակարգից դուրս գտնվող մարդիկ են, որոնք ունեցել են կոնկրետ մարդկանց անունը հանրայնացնելու եւ դրանով ինչ-որ խնդիր լուծելու հստակ նպատակ: Բանն այն է, որ ՊԵԿ-ն արատավոր բարքերով տարիներ շարունակ աշխատել է, եւ որեւէ նորություն, ըստ էության, հրապարակված անանուն լսանյութի մեջ գոյություն չունի, պարզապես անուններն են փոխված: Եթե այսօր խոսվում է այն մասին, որ մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը Գ. Խաչատրյանը տվել է իր եղբորորդուն` ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ապա նախկինում եղել է այլ դերակատար: Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր է, թե ում անուններն է հրապարակվել` իբրեւ կոռուպցիոն սկանդալի դերակատարներ: Ըստ լսանյութի` նրանք են «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, ով «լեւի» գործեր անելու ու փողեր գցելու համար սույն թվականի հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:

Եւ այսպես, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ըստ լուրերի, իրականում նաեւ խոշոր գործարար է: Ճշտվող տեղեկությունների համաձայն` Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ի դեպ, պարզեցինք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  Իսկ ո՞վ է նա, ինչպե՞ս է դերակատար դարձել համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հիշեցրին, որ 2007-2008 թվականներին հարկային պետական ծառայության պետ աշխատած Վարհամ Բարսեղյանն է Վահրամ Գուրողլյանին նշանակել հարկային ծառայության ներքին անվտանգության վարչության (7-ի) պետ: Ծագումով արցախցի Վահրամ Բարսեղյանը աղմկալի կերպով ազատվեց աշխատանքից, քանի որ նրա «ոտքի տակը» փորել էր հենց նույն Վահրամ Գուրողլյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Արտաշատ քաղաքի բնակչի՝ հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու, նախօրեին տեղի ունեցած դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջային պատի թափանցող, միջանցիկ հրազենային վիրավորում, ներքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ, դեմքի աջ կողմնային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում, ձախ արմնկային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակիչ: Միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված վնասվածքները ստացել է Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի շենքերից մեկի բակի հարակից տարածքում, որտեղ իրականացված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի պարկուճներ եւ գնդակ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Արտաշատ քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ դատավարական մի շարք գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՈՒ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի ու անբարոյական է համարում. ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ հիշեցնելով, որ մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով. ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ «Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատությանը, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական եւ դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաեւ ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։ Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին եւ բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին եւ ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ»:

 

 

ՊԱՏԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Մարտի 27-ին՝ ժամը 23:35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետեւանքով: Ոստիկանության փոխանցմամբ՝  հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցի հարակից զբոսայգում անծանոթ անձինք խփել են գլխին, ապա հափշտակել 70 000 դրամը: Պարզվել է, որ նշված արարքը կատարել են 17-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ Երեւանի, մյուսը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ: Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Պատանիները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին: Երեւանցի պատանին ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով: Դատավոր Աննա Դանիբեկյանի փոխանցմամբ՝ նիստը 15 րոպե ուշացումով է սկսվել, քանի որ ինքը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիվանդության պատճառով չի կարողացել ներկայանալ, ինչից հետո հայտարարություն եւ տեղեկանք ներկայացրեց՝ նշելով, որ եթե դատարանը հարկ համարի հրապարակել դրա տեքստը, ապա անի դա փակ դռների հետեւում: Դատարանը չպնդեց, որպեսզի բովանդակությունը հրապարակվի։ Խուդոյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ ՀՀ երկրորդ նախագահը մոտ 10 օր բուժման կարիք կունենա։ Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ վերապատրաստման դասընթացների է մասնակցելու, ինչի կապակցությամբ նիստը տեղափոխեց ապրիլի 12-ին՝ ժամը 13։00-ին։

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչեւ առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, եւ օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը եւ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

 

 




Լրահոս