«Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով»,- հայտնել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է.
«1) Սեփական սխալները կոծկելու եւ դժգոհություններ առաջ չբերելու համար հետեւողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարեւանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով: Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի անվտանգության համակարգի հետ առնչություն ունենալ պաշտպանության այնպիսի նախարարը, ով, օրինակ, Սյունիքում ճանապարհներն ադրբեջանական անօրինական արարքներով արգելափակելուց հետո հայտարարել է՝ «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել», «Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է» եւ այլն: Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է, թե «հետո ի՞նչ, որ կրակում են»:
Ո՞ր իրավունքով է Կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո:
Ո՞վ է այս պաշտոնյաներին իրավունք տվել խաղալ Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ, պատճառել անվերականգնելի վնասներ մեր հայրենիքին:
Նման անպատասխանատու ու որեւէ կարգավիճակի մեջ չմտնող հայտարարություններից, քայլերից հետո ո՞ր պետությունից կամ միջազգային կառույցից եք ակնկալում աջակցություն:
2) Արտաքին աշխարհին ցույց չեն տրվում ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները. ամեն ինչ սահմանափակվում է քաղաքական բնույթի ընդհանրական հայտարարություններով: Այդ փաստերը թաքցվում են նաեւ ներքին հանրությունից ու Սփյուռքից: Սա էլ Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատում՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար: Լայնածավալ ճնշումների են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
3) Քաղաքական պաշտոն զբաղեցնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում:
Զուգահեռ Ադրբեջանը խորացրել է ատելությունն ու թշնամանքը: Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է բացառապես երկիրը ոչնչացնելու սպառնալիքներով: Արցախի բնակչության նկատմամբ իրականացնում է էթնիկ բնաջնջման քաղաքականություն:
Ադրբեջանական խախտումների փաստերը արտաքին աշխարհին չներկայացնելով ու միջազգային մեխանիզմներ չօգտագործելով՝ կապվել են պետության ձեռքերը միջազգային ասպարեզում, իսկ երկիրը դարձել է աշխարհաքաղաքական շահերի զոհը: Տեղի է ունենում պետության հրաժարում մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության պարտավորություններից:
Բայց շատ հստակ է, թե ովքեր են մեղավորները Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համակարգի շարունակական տապալման համար»:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ
ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը եւ չի տրամադրում այն Արցախին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որը մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն, ու հավանություն էր տվել նախագահը։ «Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, հավասարակշռում է Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որեւէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար»,-նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Համբարյանը հավելել է՝ ակնկալում են, որ Կոնգրեսում իրենց գործընկերները եւ համայնքային ակտիվիստները աշխատեն խնդրի ուղղղությամբ, որպեսզի ԱՄՆ-ից օգնություն հատկացվի թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Նշենք, որ Բայդենի 2023 թվականի բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն եւ 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին։
5.000 ԲՆԱԿԻՉ Է ԶՈՀՎԵԼ
Մարիուպոլի պաշարման 27 օրերի ընթացքում զոհվել է 5 հազար բնակիչ, այդ թվում՝ 210 երեխա, հաղորդում է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։ Միայն մարտի 16-ին Դրամատիկական թատրոնի ռմբակոծության ժամանակ զոհվել է մոտ 300 մարդ, ովքեր թաքնվել էին նկուղում։ Մարիուպոլում մնում է մոտ 170 հազար բնակիչ. 140 հազարին հաջողվել է լքել քաղաքը մինչեւ պաշարումը, եւս 150 հազարին հաջողվել է տարհանել շրջափակված քաղաքից։ Քաղաքի շենքերի 90 տոկոսը վնասված են, 7 հիվանդանոցներից 3-ն ամբողջությամբ ավերվել են, մնացածը մեծ վնաս են կրել։ Մարիուպոլում տիրող իրավիճակը գնալով ավելի է հիշեցնում հումանիտար աղետ։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ք. Գրիգորյանն Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե՛ անհետ կորած անձանց եւ թե՛ գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում: Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարեւորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաեւ տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Սամվել Առաքելյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Արտաշատ): Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները եւ բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու նպատակով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների: Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
ԵՂԱՆԱԿ
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ Երեւանում՝ մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում մարտի 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ի, ապրիլի 1-3-ի աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Տավուշում ջերմաստիճանը կհասնի +28-ի, Արարատում եւ Վայոց ձորում՝ +30-ի, իսկ Արցախում՝ +31-ի։
ՌՈՒՄԲԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Անհայտ անձը հայտնել է Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ «Շերեմետեւո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Flightradar24-ի փոխանցմամբ՝ Երեւանից Վնուկովո թռչում է Boeing ինքնաթիռ։ Առավոտյան «Շերեմետեւո» մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։ Հիշեցնենք, որ նույնաբովանդակ անանուն հաղորդագրության մասին հայտնել էին նաեւ մարտի 17-ին։