44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հայ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո՝ մոտ տասն օր անց, հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը: Դրանում խոսվում էր պատերազմի մասնակիցներին ու քաղաքացիական անձանց փոխհատուցում տրամադրելու, հասարակութւյանը բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու, կորոնավիրուսը հաղթահարելու ու անգամ կուսակցութունների մասին նոր օրենք ընդունելու մասին: Հայտարարության մեջ, ի դեպ, Փաշինյանը վերահաստատում էր՝ իրավիճակի պատասխանատուն ինքն է, հետեւաբար պատրաստակամ է կրել այդ պատասխանատվության բեռը նաեւ հետագայում: ՀՀ քաղաքացիները 2021-ի հունիսին տեղի ունեցած խորհդարանական արտահերթ ընտրություններով Փաշինյանին տվեցին պատասխանատվությունը տանելու ու առաջացած խնդիրների համար լուծումներ գտնելու մանդատը, հարց է՝ ինչքանով նա կարողացավ ու այժմ էլ փորձում է կյանքի կոչել իր իսկ կողմից նախանշած կետերն ու դրույթները:
Հայտարարության 1-ին կետն Արցախյան հարցի բանակցային գործընթացի վերականգնման էր վերաբերում՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ, երկրորդը՝ Արցախի բնականոն կյանքի ու Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնմանը: Պատերազմից տաիուկես անց, սակայն, արցախյան բանակցային գործընթացը, ցավոք, անգամ տեղից չի շարժվել: Ադրբեջանը, համարելով, թե փակել է հակամարտության էջը, հրաժարվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատելուց, այլեւ ցանկացած ձեւաչափով Արցախի կարգավիճակի հարցը քննարկելուց: Մինչեւ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքում են տունուտեղ կորցրած հադրուցիներն ու շուշեցիները, որոնց բնակարանի փոխհատուցման հարցի լուծումը մոտ ապագայում էլ չի նշմարվում: Ինչ վերաբերում է Արցախում բնականոն կյանքի վերադարձին, ապա դրա բացակայության անխոս պատկերը գազամատակարարման պարբերական դադարն ու ադրբեջանցիների՝ ականջ սղոցող մուղամն է: Փաշինյանի հայտարարությունից հետո ամբողջապես չի լուծվել նաեւ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Մինչ օրս անհայտ է նաեւ անհետ կորածներից շատերի ճակատագիրը:
Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովման դրույթի կատարման հարցում էլ մեծ դեր են խաղում մասնավոր հատվածն ու անհատները, որոնց անձնական միջոցներով են կատարվում հերոսաբար կռիվ տված տղաների՝ արտասահմանում բուժվելու կամ պրոթեզավորվելու ծախսերը: Ըստ ռազմական ոլորտի մասնագետների՝ որեւէ քայլ, շարժ չի կատարվել Զինված ուժերի բարեփոխումների մասով: Պատերազմից հետո հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարելավելու մասով նույնպես առհասարակ որեւէ աշխատանք չի տարվել. հասարակությունը շարունակում է երկփեկղվել ինքն իր մեջ: Պետությունը փոքրիշատե քայլեր ձեռնարկել է պատերազմի մասնակիցներին փոխհատուցում տրամադրելու, պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների վերականգնման կամ փոխահատուցում տրամադրելու դրույթների մասով: ArmLur լրատվականը տեղեկացավ, որ, օրինակ, Մեծ Մասրիկ համայնքի բնակիչները, որոնց տները 44-օրյա պատերազմի ժամանակ վնասվել էին, 5 մլն-ական դրամ փոխհատուցում են ստացել: 15-կետանոց ճանապարհային քարտեզի քաղաքական դրույթներն են նաեւ որոշակիորեն միս ու արյուն ստացել, այն է՝ Ընտրական օրենսգրքն է ընդունվել, ապօրինի գույքը բռնագանձելու համար դատարան է ստեղծվել, ու Փաշինյանը սկսել է հաճախակի հանդիպումներ ունենալ արտախորհրդարանական ուժերի հետ: «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, սակայն, դեռեւս չի ընդունվել: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարկը հաղթահարելուն, ինչը նույնպես Փաշինյանի կողմից առաձնացված դրույթ էր, ապա համարավարակը դեռ շարունակում է կյանքեր խլել: Ի՞նչ է ստացվում. 44-օրյա ավերիչ ու աղետաբեր պատերազմի հետեւանքով առաջացած օրհասական խնդիրները, որոնք դեռ տարիուկես առաջ առանձնացրել էր երկրի առաջին դեմքը, շարունակում են չլուծված մնալ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Վուչիչն ընդգծել է, որ լարվածությունը Պուտինի հետ հանդիպումից առաջ ավելի քիչ է, քան Բայդենի հետ հանդիպումից առաջ, քանի որ Կոսովոյի հարցով ճնշում չկա։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ՌԴ ղեկավարի հետ հանդիպել է 19 անգամ: «Ամենաբարդն այն էր, երբ նա (Պուտինը) շատ լուռ էր: Դա, կարծում եմ, երկու անգամ էր մեր բոլոր 19 հանդիպումների ընթացքում: Բայց դա շատ վաղուց էր»,- ասել է Վուչիչը TV Pink-ին:
ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխանախագահ Սելիմ Թեմուրջին հայտնել է Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց կուսակցության թեկնածուի անունը։ Թուրքական TELE1 հեռուստատեսության եթերում Սելիմ Թեմուրջին հայտարարել է, թե «Ապագա» կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվելու կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն։ Նշենք, որ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին։
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին եւ նրանց հետագա ճակատագրին: Զեկույցում նշվում է, որ դեռեւս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։ «Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում եւ ենթարկվել արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման եւ հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին»,- նշված է զեկույցում։
ՄԵՂԱԴՐԱՆՔ
Մովսես Ջանբազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Սուրեն ՄԵլքոնյանի որդուն՝ Նորայր Մելքոնյանին, զինծառայությանը պիտանի կարգավիճակով հետագա զինծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելը խոստանալով, դրդել է Սուրեն Մելքոնյանին ՀՀ պաշտպանության նախարարության եւ բժշկական հաստատությունների իրավասու բարձրաստիճան պաշտոնատար անձանց խոշոր չափերով՝ 580.000 ՀՀ դրամ կաշառք տալու փորձ կատարել, որից հետո ի սկզբանե նպատակ չունենալով իրականացնել իր խոստումը, Սուրեն Մելքոնյանից ստանալով կաշառքի հիշյալ գումարը՝ խաբեությամբ հափշտակել է այն:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին ու Արցախին տրամադրվելիք աջակցությունը։ Ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ հայ համայնքի ու լոբբիստական խմբերի գործողություններն ուղղված են այն բանին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական խոշոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին ու Արցախին։ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ բացատրելով, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից տարբեր ժամանակահատվածներում ֆինանսական տարբեր առաջարկություններ են ուղարկվում կառավարութանը՝ քննարկելու համար, թե որքան է կազմելու Հայաստանի ու Արցախին տրամադրվող աջակցությունը։
«Այս տարվա ընթացքում այն առաջարկածից, որ Կոնգրեսի կողմից արվել է գործադիր իշխանութանը, կրճավել է մոտավորապես 45 տոկոսով, իսկ Արցախին օգնություն տրամադրել ընդհանրապես նախատեսված չէ։ Մեր լոբբիստներն ու հայ համայնքն իրենց աշխատանքն արել են։ Կարծում եմ՝ համապատասխան աշխատանք չի արվել Հայաստանի կողմից, վարչակազմի հետ ակտիվ աշխատանք չի տարվել, ու վարչակազմն Արցախին ուղիղ օգնություն չի տրամադրի»,- նշում է Սարգսյանը։ «Իսկ որպեսզի Արցախին որեւէ տեսակի օգնություն չտրամադրվի,- ավելացնում է մեր զրուցակիցը,- ադրբեջանցիները շատ ակտիվ են աշխատում այդ ուղղությամբ, ու հետեւանքն այն է, որ այս տարվա ԱՄՆ բյուջում Արցախին աջակցություն տրամադրելու դրույթ այս պահի դրությամբ ներառված չէ»։
ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքերն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։ Պատասխանելով ԱՊԱ-ի հարցին՝ դեսպանը մամուլի ասուլիսին ասել է, որ այս մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ «Խաղաղապահները Ղարաբաղում են եւ Ուկրաինա չեն ուղարկվել»,- ընդգծել է դիվանագետը։