ՀՀ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների եւ կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի եւ նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման եւ փաստագրման լավագույն փորձի, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցերի վրա:

 

Քննարկմանը ելույթով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին:

ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին:

Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջեւ է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետեւանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում եւ բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի եւ այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գոործողությունների հետեւանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաեւ անվտանգային լրջագույն խնդիրներ:

ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը:

Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն, ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին եւ միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարեւորել է նաեւ զինված հակամարտության գոտիներում թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք եւ մեխանիզմ:

Ն. Պ.

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քաղաքացուն մեղադարանք է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հայհոյելու համար: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «ԹՈջչպվ հՈչՈՑպսÿվ (Վազգեն Սաղաթելյան)» անհատական էջում հրապարակային եղանակով դիտավորությամբ հայհոյանք է տարածել եւ ծայրահեղ անպարկեշտ եղանակով պարբերաբար ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնք վիրավորվել էին Վազգեն Սաղաթելյանի խոսքերից: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ նկատեցինք, որ նա գրառումներ է արել Աժ պատգամավոր, ՀՀ վարչապետի անեորդի Հրաչյա Հակոբյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին: Վերջինիս գործը դատարանում է:

 

 

ՇՈՐԹՈՒՄ ՈՒ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում եւ խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու եւ ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով կնոջից մաս-մաս պահանջել եւ բանկային փոխանցումների միջոցով 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է ընդհանուր 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին 33-ամյա տղամարդը «WhatsApp» հավելվածի միջոցով հիշյալ կնոջից պահանջել է իրեն ուղարկել 350.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.282.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով  իր պահանջները չկատարելու դեպքում հրապարակել  վերջինիս արատավորող տեղեկություններ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

 

ԿՐԱԿԱՀԵՐԹ Է ԵՂԵԼ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ից մինչեւ մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու եւ վերջինիս նախնական տվյալներով խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների եւ արգելված իրերի շրջանառության դեմ: ՔԿ վարչության փոխանցմամբ՝ 2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված: Նշված փաթեթներւմ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ՝ Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 226,13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 37,04 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, Կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,34 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,09 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաեւ 4,62 գրամ քաշով շագանակագույն, բուսական զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբուսաբանական եւ դատանյութագիտական համալիր փորձաքննություն:

 

 




Լրահոս