ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխաները դպրոց ոչ թե ցույց անելու, այլ կրթվելու համար են գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ի քաղաքական վերադասավորներից հետո ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները, որ զգացել էին ազատորեն արտահայտվելու, ում հասցեին ինչ ասես ասելու ու պատասխանատվության չկանչվելու, երեխաներին քաղաքական գործընթացի մաս դարձնելու ու մանկավարժների պարսավանքին չարժանանալու համը, այսօր քաղում են հենց այդ օրերը դառը պտուղները:

Երեկ Չեխովի անվան դպրոցի սաների, նրանց ծնողների ու մանկավարժների մի մասը կամ մեծամասնությունն ընդդեմ նորանշանակ տնօրենի պաշտոնավարման՝ երևանյան փողոցներում քայլերթ էր իրականացնում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ թե՛ մանկավարժներին, թե՛ ծնողներին ու թե՛ աշակերտներին (որ ամենից ապշեցնողն է) զայրացրել է հանգամանքը, որ քաղաքապետարանը հանդգնել է դպրոցի տնօրենի պաշտոնում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կնոջը նշանակել:

Եթե տեղեկություններն իրականության հետ թեկուզ աննշան աղերսներ ունեն, միանշանակ՝ վատ է, քննադատելի ու դատափետելի է, որ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը մերժած «հեղափոխականները» ճիշտևճիշտ նույն մեթոդներով են առաջնորդվում:

Իհարկե, 2018-ից հետո մեկ անգամ չէ, որ մերօրյա իշխանավորները փորձել են իրենց ազգականներին կամ ծանոթներին դպրոցներում տեղավորել (Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսի ականջը կանչի Ավշարում), հետևաբար վաղուց պետք չէ զարմանալ, զայրանալ երիտասարդ իշխանականների «արդարամիտ» որոշումների վրա:

Ապշեցնողը 15, 16 պատանիների՝ կոկորդ պատռելու միտումներն են, որ անգամ չգիտեն՝ հանուն ում կամ ինչի են իրենց փողոց նետում կամ ինչ գործիք են դառնում մանկավարժների, գուցե նաև՝ իրենց ծնողների ձեռքում: Մանկան անմեղության ու պատանու ջերմեռանդության ավյունով շաղախված աշակերտներին սիրող, փաղաքշող ուսուցիչըը նրանց ոչ թե փողոց՝ «պայքարելու», այլ օրինակ այգի կարող էր տանել:

Կյանքի գույներին նոր-նոր ծանոթացող սերնդի երազանքներին ու թռիչքներին ծանոթանար, նրանց հետո սուրճ ու թեյ խմեին, թավալ գային կանաչների մեջ ու օրն ամփոփեին մի տաք հուշ-լուսանկարով: Լուսանկարի փոխարեն՝ մանկավարժները տեսախցիկներն ու ուղիղ եթեր են նախընտրել՝ ուշադիր հետևելով առաջին պլանում հայտնված աշակերտների անկաշկադ ու համառ բանավեճերին՝ իերնցից թե՛ տարիքով, թե՛ կենսափորձով բավական մեծ անձանց հետ:

Այս ամբողջ պատմության մեջ, հավատացեք, էականն աշակերտների, նրանց ծնողների, մանկավարժների ու տնօրենի ով լինելը չէ. սցենարը կարող է կրկնվել մեկ այլ ուսումնական հաստատությունում: Խնդիրը 2018-ից հետո երևան եկած խեղված արժեքներն են, երբ իշխանափոխության օրերին անձամբ Նիկոլ Փաշինյանի հորդորով ու կոչով՝ աշակերտները, փոխարեն կրթվելու ու զարգանալու, սկսեցին դպրոցի դռները ջարդել ու վազել «Սերժին մերժելու»:

Սևակ Վարդումյան




Լրահոս