Վաշինգթոնում Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Վաշինգթոնում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեցինք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկի հետ։

Կոնգրեսականի հետ քննարկել ենք Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Ներկայացրել եմ Արցախում առկա հումանիտար ճգնաժամը, որը արդյունք է Ադրբեջանի կողմից ուղղորդված և համակարգված էթնիկ զտման քաղաքականության, որի նպատակն էլ Արցախի հայաթափումն է և արցախահայության բռնի տեղահանումը։

Տիկին Քլարկին եմ փոխանցել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman-ի մի քանի զեկույցներ, որոնք առարկայական ապացույցներով ներկայացնում են ինչպես 2016թ.-ի քառօրյա, այնպես էլ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ատելության խոսքի, պետականորեն ուղղորդված հայատյաց հռետորաբանության քաղաքականությունը։ Կոնգրեսականը նշել է, որ անպայման կուսումնասիրի բոլոր զեկույցները։
Շնորհակալություն եմ հայտնել և հայտնում տիկին Քլարկին արդյունավետ քննարկման և կատարած աշխատանքի համար: Եւս մեկ անգամ խնդրեցի հետևողական լինել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դատապարտել, պատժամիջոցներ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ զսպելու այդ երկրի ծավալապաշտական և հայասպան նկրտումները»։




Լրահոս