Արտակ Բեգլարյանն այցելել է Ասկերանի շրջանի առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր ու Սառնաղբյուր գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմից հայտնում են, որ պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման ծրագրերին: Արտակ Բեգլարյանը նշել է, որ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև որոշ հատվածներում ջրամատակարարման խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ միջոցառումներ:

Ըստ աղբյուրի՝ պետական նախարարը բնակիչների հարցումներին ի պատասխան՝ անդրադարձել է Հանրապետության անվտանգային, ներքին և արտաքին օրակարգերին վերաբերող մի շարք հարցերի: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը Հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ:




Լրահոս