ԵԱՀԿ նախագահը նոր կոչ է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ:

Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ նախագահը հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բանակցությունները նվիրված են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու եւ չլուծված խնդիրների կարգավորման ուղիների որոնման հարցին ԵԱՀԿ մասնակցությանը:

Այդ հանդիպման ընթացքում նա հատկապես ընդգծել է հումանիտար խնդիրների կարգավորման հարցում առաջընթացի անհրաժեշտությունը:

«Հուսով ենք, որոնք առաջ կշարժվենք, հատկապես անհետաձգելի հումանիտար խնդիրների կարգավորման հարցում, որոնցից են կալանավորված անձանց ազատ արձակումը, անհետ կորածների մասին տեղեկության փոխանակումը, ականազերծումը, պատմական եւ մշակութային կառույցների պաշտպանումը»,- ընդգծել է նա:

Բաքվում, ինչպես եւ Երեւանում, Ռաուն ընդգծել է իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դերը եւ առաջարկել է ակտիվացնել նրա մասնակցությունը. «Նրա աշխատանքը կարող է հավելյալ օգուտ բերել՝ նպաստելով անվտանգությանը, վստահության ամրապնդմանը, հեշտացնելով հումանիտար հասանելիությունը եւ ներդրում անելով այլ կենսական կարեւորության հարցերի կարգավորման հարցում»:

Հայաստանում Ռաուն հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Լեհաստանը, որը նախագահում է կազմակերպությունում, վճռականորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսության առաջխաղացմանը, որն անհրաժեշտ է տեղում պահպանվող լարվածության ապաէսկալացման համար: Կոչ ենք անում ե՛ւ Հայատսանին, ե՛ւ Ադրբեջանին բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծմանը»,- ընդգծել է նա:

Ռաուն մատնանշել է ԵԱՀԿ դրական ներդրումը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված ջանքերում: Նա մտքեր է առաջարկել, թե ինչպես կազմակերպությունը կարող է համակարգել իր ջանքերը Հայաստանում և օգնել երկրին ընթացիկ խնդիրների կարգավորման հարցում:

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ ողջունել է Հայատսանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ «այդ գործընթացը կարող է նպաստել, ընդհանուր առմամբ, կայունության կարգավորմանը տարածաշրջանում»:




Լրահոս