ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 1987թ. և 1979թ. ծնված բնակիչներ՝ հրազենային վնասվածքներով:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել են վերջիններիս վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:
Ստացված տվյալների համաձայն՝ նշված օրը Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում, ժամը 14:00-ի սահմաններում, ավտոտնակի դիմաց ավտոմեքենա կայանելու կապակցությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել նշված վայրում հավաքվածների և ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդու միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած մահակով նախ հարվածել է ներկաներից մեկին՝ ձախ ձեռքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք, ապա նույն մահակով դիտավորությամբ վնասել է նաև հիշյալ ավտոտնակի դիմաց կայանված Ինֆինիտի մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ տղամարդը երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող, դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ՝ երկու անձի պատճառելով հրազենային վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններիս հաջողվել է դիմել փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գորոծողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և գնդակներ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նույն օրը առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: