«Հայաստան» խմբակցությունը քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում: Մասնավորապես, նրանք առաջարկում են Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 3971 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Մյուս փոփոխությունը հետևյալն է. «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով»:

Իսկ այս հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ խմբակցությունը նկատում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3971 հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանաություն տալու կամ արդարացնելու համար: Քննարկվող օրենսդրական կարգավորման առարկան, ինչպես պարզ է դառնում ձեւակերպումից, վերաբերում է առհասարակ ցեղասպանության հանցագործությանը: Օրենսդիրը տարբերվող մոտեցում չի որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում: Փաստում ենք, որ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլեւ քաղաքական, սոցիալական եւ իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջեւ ծառացած այժմեական մարտահրավերները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում տարբերվող մոտեցման որդեգրմանը հարկ է նկատել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ 35 պետություններ, կազմակերպություններ, տարածքային ինքնակառավարման մարմիններ, որպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից տարբերակված մոտեցման ընդունման անհրաժեշտությունը դառնում է էլ ավելի ցայտուն:

Ամփոփելով վերոգրյալը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Անկախության հռչակագրի, Սահմանադրության պրեամբուլայի, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի եւ օրենսդրական զարգացման տեսլականի, ինչպես նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արդյունավետության ապահովման նպատակով օրենսդրական փոփոխության իրականացումը արդիական է»:

Ն.Հ.




Լրահոս