Կերպարս ունի ընտանեկան խնդիրներ. հայրը ճնշում է նրան. Դալիթա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, դերասանուհի Դալիթա Ավանեսյանը ArmLur.am-ի հետ զրուցել է «Հատուկ դասարան» բազմասերիանոց նոր նախագծում նկարահանվելու առաջարկի եւ հանդիսատեսի արձագանքի մասին:

Նշենք, որ «Հատուկ դասարան» բազմասերիանոց նախագիծն արդեն մեկ շաբաթ է ինչ հեռուստաէկրաններին է:

«Իրականում հրավիրվեցի մասնակցելու քասթինգին, փորձեցի Մերիի կերպարը և  ի ուրախություն ինձ՝ ստացվեց կերպարն ինձ մոտ: Նախագծում ամենից շատ ինձ գրավեց սցենարը, ինչպես նաև պրոֆեսիոնալ միջավայրն ու թիմը: Նկարահանումներն անցնում են հոյակապ, շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ այսպիսի հաճելի և լավ թիմում»,-ասաց նա:

Անդրադառնալով կերպարին՝ Դալիթան նշեց, որ շատ է հավանում իր կերպարը, չնայած այն որեւէ առնչություն չունի իրական Դալիթայի հետ. «Գլխավոր կերպարներից է, ով այդ հատուկ դասարանի միակ աղջիկն է։ Նա, ինչպես հատուկ դասարանի մյուս աշակերտները, ունի խնդիր օրենքի հետ, որի պատճառով էլ հայտնվել է այդ դպրոցում։ Ունի ընտանեկան խնդիրներ՝ հայրը շատ խիստ է, ճնշում է նրան, ու դրա համար էլ փախել էր տանից իր փոքր քրոջ հետ, որի պատճառով էլ մեղադրվել էր անչափահասի առևանգման մեջ»։

Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն հասցրել է ստանալ բազմաթիվ լավ արձագանքներ:

«Ստանում եմ լիքը նամակներ, որտեղ գրում են, որ իրենք էլ ունեն նույն խնդիրներն ու ապրումները, ինչ իմ կերպարը։ Ստանում եմ՝ նաև լիքը անհատապես պատրաստված վիդեոներ (էդիթներ) վերցված սերիալի հատվածներից։ Շնորհակալ եմ բոլորին նման դրական էմոցիաների համար, ափսոս չեմ հասցնում բոլորին անհատապես պատասխանել, բայց տեսնում ու գնահատում եմ իրենց ջերմությունը»,-հավելեց Դալիթան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս