ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՆԱՆՑԱՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհն արդեն մի քանի տարի է, ինչ անանցանելի է: Տեւական ժամանակ է, ինչ Ջրառատ, Լուսագյուղ, Մեծամոր գյուղերի բնակիչներն ահազանգում են ArmLur.am-ին՝ նշելով, որ իրենց գյուղերի ճանապարհներն ավազով բարձված բեռնատարները վնասում են:

 

Ավազ տեղափոխող ծանր մեքենաներն ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ իրենց ծանրության տակ ասֆալտը դեֆորմացնում են, ինչի հետեւանքով ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, փոսերն ավելի են մեծանում: Իսկ օրեր առաջ էլ մի քանի գյուղեր կապող Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր են առաջացել, եւ երթեւեկությունն էլ անհնար է դարձել, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնել: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել են երթեւեկելի հատվածից: Նշենք, որ այս կամրջի ճաքերի եւ քանդված լինելու մասին տեղի բնակիչները բազմաթիվ անգամ են բարձրաձայնել, անգամ բողոքի ակցիա են իրականացրել: Մարզային իշխանությունները բնակիչներին խոստացել են հիմնովին նորոգել կամուրջը, բայց այդպես էլ խոստմանը տեր չեն կանգնել: Նախ՝ կամուրջը վերանորոգելու խոստումը գյուղացիներին տվել է Արմավիրի նախկին մարզպետ, ներկայիս ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Բայց, արի ու տես, փոխվարչապետ նշանակվելուց հետո Մաթեւոսյանը մոռացել է իր խոստման մասին: Բնակիչների այս ահազանգը չի հետաքրքրում նաեւ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին վթարային կամրջի կողքի հատվածը ժամանակավորապես կարգի է բերվել եւ հանձնվել է շահագործման:

Ի դեպ, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից այս խնդրի առնչությամբ հայտնում են, որ Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.1 կմ հատվածում անվտանգությունն ապահովելու համար կատարվել են երթեւեկության սահմանափակումներ, իսկ կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթեւեկությունն իրականացվում է մեկ գոտիով։ Նշենք, որ բեռնատարները տվյալ հատվածը շրջանցում են Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

Իսկ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ Այժմ իրականացվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթաց, այսինքն՝ կառավարությունը սկսեց խնդրով մտահոգվել ճիշտ այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, դանակը հասավ ոսկորին: Թե երբ կկառուցվի ճաքած կամուրջը, ժամկետներ չկան նշված:  Ժամկետ չի նշում նաեւ Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը:

«Ժամկետներ չեմ կարող նշել, միայն կասեմ, որ այսօրվանից նախագծային աշխատանքներ են իրականացնելու: Ես էլ եմ միանում բնակիչների բողոքին, էդ ավազով բեռնված մեքենաները քարուքանդ են անում մեր ճանապարհները: Մի կշեռք է պետք տեղադրել. ով շատ է բարձում, մի հատ տուգանենք: Երկու անգամ տուգանվելուց հետո երրորդին շատ չի բարձի:  Հիմա չենք կարող պատժել, որովհետեւ կասեն՝ քիչ է բարձած, բայց մենք էլ կշեռք չունենք, որ ապացուցենք հակառակը: Մենք դիմել ենք մարզպետարան, խնդրել ենք կշեռք տրամադրել, բայց դեռ արձագանք չկա»,- լրացրեց  Ղազար Ղազարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԱԱԾ-ՈՒՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ

Արցախի Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային  ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում  գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հետապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու եւ հետագա իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը: Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «եւ մարտական ստորաբաժանումներ» բառերը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «եւ լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:

 

 

«ՉԵՆ ՆԿԱՏԵԼ»

Ադրբեջանում «չեն նկատել» խաղաղության համաձայնագրի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հայաստանի դիմումը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայ հանրությունը լրատվամիջոցներից տեղեկացավ, որ Բաքուն հինգ կետից բաղկացած որոշ առաջարկներ է փոխանցել Երեւանին՝ սկսելու խաղաղության համաձայնագրի քննարկումը։ Հայկական կողմը հաստատել է առաջարկների ստացումը եւ հայտնել, որ այդ հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Ավելին՝ Երեւանում տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ  ստացված առաջարկներն ընդունելի են։ Բաքվում, ըստ երեւույթին, նախընտրում են դա չնկատել։ ԸկԸ-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը համաժողովում ասել է հետեւյալը. «Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին պաշտոնապես ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունքներ, որոնք կդառնան այս համաձայնագրի հիմքը։ Տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է Հայաստանին ստորագրել այս սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր եւ ակնկալում է բովանդակային պատասխան»։

 

 

 

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԲՆԱԿԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի  մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի՝ 2001թ. ծնված բնակիչ է, Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձեւով մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջիս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի  Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է: Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաեւ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

 




Լրահոս