«Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանուհի Էվա Խաչատրյանը պատմել է օրվա հույզերի, թատրոնի եւ զգեստի մասին:
«Շատ հաճելի անակնկալ էր ինձ համար: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով ինչ-որ արժեքավոր գործ է ներկայացնում, սպասում է նման մրցանակի: Իհարկե, բոլորի նման ես նույնպես իմ մտքում ունեի նման մտքեր, բայց թե ով կստանար, չգիտեի, չնայած կանխատեսումներ ունեի ընկերներիս հետ կապված եւ անարդար կհամարեի, եթե նրանք մրցանակ չստանային, քանի որ նոմինացված գրեթե բոլոր ներկայացումները դիտել էի, տեղյակ էի, թե ով ինչ չափով է խաղացել»,-նշեց դերասանուհին եւ հավելեց՝ այս տարի ընտրությունը բավականին արդար է եղել:
Թատրոնում լավագույն կոչմանն արժանացած երիտասարդ դերասանուհին անկեղծ խոսել է իր զգացողություններով եւ շքեղ զգեստի ընտրության մասին: Էվա Խաչատրյանի խոսքով՝ Կարմիր գորգ չի եղել, բայց դա չի խանգարել նրան մրցանակաբաշխությանը լինել ներկայանալի եւ շքեղ տեսքով:
«Ցավոք սրտի, կարմիր գորգ չկար, ինչը որ բոլորս կարծում էինք, որ պետք է լիներ: Կամերային թատրոնը ցանկացած միջոցառման ներկայանում է շքեղ եւ տարբերվող, մենք ժամանակի հետ ենք եւ ժամանակի մեջ: Կամերային թատրոնը սիրում է թատրոնը (ժպտում է): Ես դեռեւս ուսանող տարիներից ներկա եմ գտնվել բոլոր «Արտավազդ» մրցանակաբաշխություններին, եւ այս վերջին երկու տարիներն այն միակն են եղել, երբ կարելի էր իսկապես շքեղ ներկայանալ, քանի որ դերասանն ունի այդ մի օրը մրցանակ ստանալու եւ ուրախ լինելու համար եւ, ամենակարեւորը, ներկայանալի լինելու: Իրականում զգեստս շատ պատահական եմ ընտրել: Հետաքրքիր էր՝ երբ զգեստս տեսավ Լուսինե Երնջակյանը, այսպես զարմանքով ասաց՝ վա՜յ, այս փեշերով ինչպես եք քայլելու եւ այլն, իսկ միջոցառումից հետո ասաց. «Էվա՛, այնքան գեղեցիկ էիր բեմի վրա, քայլում էիր, բոլորը կողքից քեզ էին նայում, եւ հասկացա, թե ինչ լավ է, որ չեմ ասել՝ չհագնես այդ զգեստը»»,-անկեղծ իր հույզերով կիսվեց դերասանուհին:
Էվա Խաչատրյանի խոսքով՝ երբ հնչել է նրա անունը, նա զարմանքից մի պահ քարացել է. «Մենք երբ ստեղծում էինք «Հինգ պատմություն», որը դարձավ վեց պատմություն սիրո մասին ներկայացումը, ռեժիսորը՝ Դավիթը, ինձ ասաց. «Է՛վ, դու արա այն, ինչ մենք մտածել ենք, ու դու այս ներկայացման համար «Արտավազդ» ես ստանալու»: Վերջում հենց այդպես էլ եղավ: Իրականում շատ մեծ աշխատանք ենք կատարել, եւ մեծամտություն թող չթվա, բայց հեշտ բան չէ մի քանի վայրկյանում կարողանալ մի կերպարից անցնել մեկ այլ կերպարի մեջ եւ մեկ ու կես ժամում խաղալ 6 տարբեր կերպար»,- հավելեց դերասանուհին:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ թատրոնի միջազգային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց 21-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑՎԵԼ Է «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում մարտի 26-ին պաշտոնապես բացվել է «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնը։ Ինչպես հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից, բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի եւ Իվլին դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ այլ հյուրեր։
Կենտրոնի բացումն ազդարարող ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Իվլին դեպարտամենտի սենատոր Միշել Լոժիեն, Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետ Լորեն Մերկերը, ինչպես նաեւ Նիկոլա եւ Քրիստինա Ազնավուրները։
Նշվում է, որ Կենտրոնը եզակի տարածք է երիտասարդների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ավելի մոտ լինելու արվեստին ու մշակույթին, ինչպես նաեւ պատրաստվելու արվեստի ոլորտում իրենց հետագա մասնագիտացմանն ու կարիերային: Ուսուցման ողջ գործընթացը կազմակերպվելու է 5 հիմնական ուղղությամբ՝ պար, թատրոն, երաժշտություն, փորձեր, ձայնագրություններ, որոնց համադրման շնորհիվ սովորողները ձեռք են բերելու ոլորտային բազմակողմանի գիտելիքներ ու կիրառական հմտություններ։ Կենտրոնը Շառլ Ազնավուրի անունով կոչելը եղել է ոչ միայն քաղաքային խորհրդի առաջարկը, այլեւ բնակիչների եւ այդ կենտրոնի ապագա սաների մեծ ցանկությունը։ Ազնավուր ընտանիքը նախագծին տեղում ծանոթանալու արդյունքում տվել է անվանակոչման մասով իր համաձայնությունը։
Հաստատումից հետո «Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետարանի եւ սցենոգրաֆիայի ու ինտերիեր դիզայնի ոլորտում հայտնի «Agence NC – Nathalie Crinire» գործակալության հետ, աշխատել է այս հաստատության ներսում եզակի ինստալյացիաների ստեղծման վրա։ Այս աշխատանքների միջոցով փորձ է արվել ներկայացնել Շառլ Ազնավուրի արվեստի ու անցած ուղու պատմությունը՝ ոգեշնչելու կենտրոն այցելող երիտասարդներին։ Այս նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնին է փոխանցել նաեւ Շառլ Ազնավուրի ստացած «Կրկնակի ադամանդե սկավառակը» (Disque double diamant), որն արտիստին էր շնորհվել 2.000.000-ից ավելի վաճառված ալբոմի համար։
ՀԵՌԱՑԵԼ Է
Պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը հեռացավ ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականից, որը չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Եգիպտոսը հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց Սենեգալին՝ 1։3։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր Եգիպտոսը։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Սենեգալը առավելության էր հասել 1։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։ 69-ամյա մասնագետը Եգիպտոսի հավաքականը գլխավորել էր 2021թ. սեպտեմբերին։ Նրա ղեկավարությամբ Եգիպտոսն այս տարի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում հասել էր եզրափակիչ եւ պարտվել Սենեգալին։
ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով. հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 62-ամյա իտալացի մասնագետի թեստի պատասխանը դրական է եղել, նա ինքնամեկուսացել է։ «Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 2-ին՝ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում հյուրընկալվելով «Սելտային»։ 29 խաղից հետո Արքայական ակումբը 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
ՏԻՏՂՈՍԻ ՄԵՆԱՄԱՐՏ
Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին տիտղոսի պաշտպանության հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 24-ին ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում։ Նիդեռլանդները ներկայացնող հայ մարզիկի մրցակիցը կլինի դիվիզիոնի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինը։ Նախորդ անգամ Գեղարդ Մուսասին տիտղոսը պաշտպանել էր փետրվարի 25-ին՝ առաջին ռաունդում պարտության մատնելով 36-ամյա ամերիկացի Օսթին Ուանդերֆորդին։
«ԲԵԹՄԵՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍՈՒՊԵՐՄԵՆԻ»
Մեթ Ռիվզի նոր «Բեթմենն» ամերիկյան վարձույթում առաջ է անցել Զակ Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմից: Ֆիլմը, որի գլխավոր դերում Ռոբերտ Պատինսոնն է, ԱՄՆ-ում երեք շաբաթվա ընթացքում ավելի քան 332 միլիոն դոլար է հավաքել, իսկ նախորդի հավաքած գումարը կազմել է 330 միլիոն դոլար։ Համաշխարհային վարձույթում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ժապավենն առայժմ առաջատար է. այն 873 միլիոն դոլար է հավաքել, «Բեթմենի» դեպքում այդ գումարը կազմում է 670 միլիոն դոլար, ինչը բացատրվում է Չինաստանում վերջինի ձախողմամբ։