ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ից հետո ազատամարտիկ, արցախյան 1-ին պատերազմի մասնակից Արթուր Եղիազարյանն ահազանգում էր՝ եռակողմ հայատարարությամբ ադրբեջանցիները չեն բավարարվելու կամ հանդարտվելու: Պաշտոնական Բաքուն չի ընկրկում, իսկ Քարագլխի բարձունքում տեղի ունեցողը տրամաբանական շարունակությունն է ադրբեջանցիների քայլ առ քայլ առաջխաղացումների, որ ունենում են թե՛ Հայաստանի, օրինակ՝ Սեւ լճի, թե՛  Արցախի տարածքում:

 

-Որպես արցախյան առաջին ազատամարտի մասնակից՝ Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչ կատարվեց տասն օր առաջ Արցախում, երբ ադրբեջանցիները արաջ եկան, դիրքավորվեցին, հիմա ռուսների հետ են բանակցում: Առհասարակ, սպասելի՞ էր, որ նոյեմբերի 9-ից հետո իրավիճակն Արցախում այսպես կլինի: Ի՞նչ գնահատական կտաք:

-Այս մասին դեռ ոչ միայն նոյեմբերի 9-ին, այլ դրան  հաջորդող ամիսներին ահազանգում  էինք, որ խնդիրը չի ավարտվելու, եւ այդ պայմանագրով չէին բավարարվելու: Այն նպատակները, որոնք ադրբեջանցիներն իրենց առջեւ դրել էին եւ իրենց գործողություններով իրականացնում էին, այս ամենն էր ցույց տալիս: Այսինքն՝ նրանք ամբողջ Ադրբեջանը բաժանել են որոշակի շրջանների, այսօր գոյություն ունի Ղարաբաղ շրջան: Նրանք ասում են՝ չկա Լեռնային Ղարաբաղ  հասկացություն, եւ որը մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նույնը պնդում էին նրանք: Նրանք ոչնչով չեն ընկրկում, սա տրամաբանական շարունակությունն է բոլոր այն քայլերի, որ մենք անընդհատ հետընթաց ենք ունենում, եւ ադրբեջանցիների առաջխաղացում ենք տեսնում Հայաստանի Հանրապետության տարածքում, Սեւ լճի շրջանում, նույնը տեսել ենք նաեւ Արցախում: Հիմա նրանք, կարծես օգտվելով համաշխարհային կենտրոնացումից Ուկրաինայում, փորձում են հերթական անգամ բարելավել իրենց դիրքերը: Այս պահին ես չեմ մտածում լայնամասշտաբ պատերազմ սկսելու մասին, չնայած դրա վտանգը կա, եւ դա մի օր լինելու է: Ես չեմ ուզում, որ սա մանիպուլյացիա անեն եւ մտածեն, որ պատերազմ չի լինելու. ո՛չ, լինելու է, դա անխուսափելի է: Ուղղակի այս պահին ադրբեջանցիները փորձելու են հնարավորինս օգտվել միջազգային իրավիճակից, եւ փորձեն, ինչ խնդիր հնարավոր է, լուծել մարտավարական եւ ռազմական ճանապարհով՝ բարելավելու իրենց դիրքերը:

-Տեսակետ կա, որ ադրբեջանցիների համար ռազմավարական նշանակություն ունի հատկապես Խրամորթ գյուղը, որովհետեւ Աղդամում են մտադիր շինարարություն սկսել, ծաղկեցնել քաղաքը, ներդումներ բերել դրսից, իսկ որեւէ ներդրողի համար ցանկալի չէ իր գլխավերում  զինված խաղաղապահներ կամ այլ տեսակի մարդկանց տեսնել: Դուք նման տեսակետ լսե՞լ եք: Համակարծի՞ք եք դրա հետ:   

-Իհարկե, կարող է այս գործոնը լինել, բայց, կարծում եմ, այս պահին այդքան ներդումների մասին չեն մտածում: Հնարավոր է՝ այդ փաստն օգտագործեն, բայց այս պահին նրանք ռազմավարական խնդիր են լուծում: Իրենք իրենց համար համարում են Արցախի խնդիրն ավարտված: Սա Ադրբեջանի ներքին խնդիրն է: Նրանք ուզում են ուղղակի հայաթափել Արցախը: Հիմա Քարագլխի մի հատվածում ամրացել են, ճանապարհներ են մաքրում, կածաններ են գցում, ավելի են ամրապնդում իրենց դիրքերը: Փառուխ գյուղն այսօր ռուս խաղաղապահների ձեռքում է, բայց բնակչություն չկա: Իսկ քանի դեռ բնակչությունը չի վերադարձել, նշանակում է՝ մենք այս պահին կորցրել ենք այդ հատվածը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այցելել է ԱՄՆ՝ Վաշինգթոնում «Բաց աշխարհ» լիդերների կենտրոնի՝ «Օրենսդրի դերը՝ ԱՄՆ-ում» ծրագրին մասնակցելու համար։

 

«Ծրագրի շրջանակներում տարբեր հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի եւ հասարակական ոլորտների առաջնորդների հետ: Թերեւս ամենատպավորիչ հանդիպումներից մեկը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ էր: Հիշեցնեմ, որ Ֆ. Փալոնը եզակի կոնգրեսականներից է, ով, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, այցելել է Արցախի Հանրապետություն։

Արցախի հարցի շուրջ երկար քննարկում ունեցանք։ Բարձրաձայնել եմ, որ այսօր արցախցին ապրում է հումանիտար ճգնաժամի պայմաններում, նրա՝ իր հայրենիքում խաղաղ եւ անվտանգ կյանք վարելու, ազատ տեղաշարժման, սեփականության իրավունքները կոպիտ խախտվում են ադրբեջանական հանցավոր գործողությունների պատճառով։ Միայն վերջին օրերի ադրբեջանական հարձակողական գործողությունների հետեւանքով խաթարվել է Արցախի Խրամորթ եւ Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետեւանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Նշել եմ, որ մինչ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է, Ադրբեջանը հրադադարի պայմաններում դիմում է սադրանքների՝ փորձելով ռուս խաղաղապահների համար նոր ճակատ բացել Արցախում՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, եւ որ Ադրբեջանի այս շարունակական հանցավոր գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումներն են, ցեղասպանության իրենց պետական քաղաքականության կենսագործումը: Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածք եւ հաստատվել այնտեղ՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքները։ Հանդիպմանը Ֆ. Փալոնին փոխանցել եմ նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մի քանի զեկույցներ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի մշակութային ժառանգությունները ոչնչացնելու եւ ադրբեջանական ատելության խոսքի քարոզի մասին: Կարեւորել եմ, որ կոնգրեսականները հատկապես այս փուլում անձամբ այցելեն Հայաստանի սահմանամերձ համայնքներ, Արցախ, սեփական աչքերով տեսնեն՝ ինչ վիճակում է արցախցին, հազարավոր տեղահանվածները, ինչպիսին է սահմանային իրավիճակը, եւ համապատասխան օգնություն ցուցաբերեն։

Հատուկ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը կանխելու նպատակով։

5 պատգամավորների խմբով շնորհակալություն հայտնեցինք Ֆրենկ Փալոնին իր կատարած աշխատանքի, անկախ Ադրբեջանի սպառնալիքներից՝ Արցախ այցելելու եւ մեզ ջերմորեն ընդունելու համար»:

Ն. Պ.

 

 

3 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայաստանի կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրել է 3 մլրդ դրամ գումար: Այս մասին որոշման նախագիծը ներառված է եղել կառավարության այսօրվա նիստի օրակարգում եւ չզեկուցվող է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գումարն ուղղվելու է Հայաստանում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով իրականացված միջոցառումների ծախսերի իրականացմանը: Խոսքը 2021 թվականի դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսների վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի մասին է: Մեզ հայտնի դարձավ, որ միայն վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի համար կհատկացվի 1 մլրդ 775 մլն դրամ, կոմունալ ծախսերի համար՝ 100 մլն դրամ: Նշենք, որ 55 մլն 11 հազար 142 դրամի չափով գումար կուղղվի հունվար ամսվա աշխատավարձի ծախսերի մարմանը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ բազմաթիվ բուժաշխատողներ, որոնք ներգրավված են եղել կորոնավիրուսային վարակի բուժման աշխատանքներում, աշխատավարձեր չեն ստացել: Փաստորեն, Առողջապահության նախարարությանը հատկացվող 3 մլրդ դրամի շրջանակներում այս խնդիրը կլուծվի:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Ընդդիմադիր պատգամավորն առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը լրացնել նոր՝ 127.1-ին հոդվածով, որում ասվում է. «1. 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում, արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը եւ հունիսի 1-ը, Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ»: Որպես հիմնավորում՝ նշվել է, որ  առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա  պատգամավորներին տեղեկացված լինել ՀՀ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի եւ ոլորտային այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ կստեղծի հնարավորություն խորհրադարանական բոլոր ուժերին,  այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողությունը ավելի լայն ծավալով:

 




Լրահոս