ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԾԱՆՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպումը: Փաշինյան-Ալիեւ նախորդ հանդիպումը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին էր կայացել նորից Բրյուսելում ու նորից Շառլ Միշելի նախաձեռնությամբ։  Յուրաքանչյուր հանդիպում, որ ինչ-ինչ հարցերի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ է ենթադրում, հասարակությանը մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի  տեսակետն է: «Հայաստանն արտաքին հարաբերություններում ու անվտանգային հարցերում իր կարմիր գծերն ու սկզբունքները չի սահմանել, բացի այդ, Հայաստանը ներկայացնող պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարություններում մեր շահը որեւէ կերպ ներկայացված չէ: Հետեւաբար այս պայմաններում խոսել խաղաղության պայմանագրի մասին պարզապես անթույլատրելի է:  Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերին, ապա դրանցից յուրքանչյուրն իր մեջ բացվածք ունի: Հասարակությունը, որ տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասներից ու չգիտի՝ իրականում ինչ է թաքնված դրա տակ, արդարացված մտահոգություններ ունի, թե իշխանությունն իրականում ինչ է բանակցում»:

 

-Պարո՛ն Աբրահամյան, տեղի է ունենալու Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը. ի՞նչ եք  ակնկալում որպես ընդդիմադիր գործիչ:  

-Ամենամեծ խնդիրը նրանում է, որ Հայաստանն իր համար արտաքին քաղաքականությունում եւ անվտանգության հարցերում իր կարմիր գծերը չի սահմանել: Չկան կարմիր գծեր, սահմանված չեն սկզբունքները, եւ բնական է, որ յուրաքանչյուր նման հանդիպում, որը որոշակիորեն շոշափում է հնարավոր պայմանավորվածություններ տարբեր հարցերի շուրջ, հանրության շրջանում լուրջ մտահոգությունների առիթ է դառնում: Երկրորդ՝ այդ հանդիպմանը նախորդած ժամանակահատվածի այն հայտարարությունները, որոնք հնչել են Հայաստանի կողմից,  դա չի կարող բավարերել ո՛չ Հայաստանի ուժերին եւ ո՛չ էլ հայ հասարակությանը, քանի որ այդ հայտարարություններում, որոնք որոշակի աղճատումներով ներկայացնում են, իրականում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի շահը որեւէ ձեւով ներկայացված չէ: Դա ինքնին  բերելու է լուրջ անվտանգային հավասարակշռութան փլուզման,  եւ բնականաբար «խաղաղության» դրոշակի տակ տարվող այս գործընթացը մեզ ավելի շատ է մոտեցնում պատերազմին, քան խաղաղությանը:

-Հնարավո՞ր է լինի այնպիսի խոսակցություն կամ փաստաթուղթ, որի մասին պոստֆակտում իմացվի, ինչպես որ որոշ դեպքրում եղել է: Դուք նման սցենարը հավանական համարո՞ւմ եք, որ փաստաթուղթ ստորագրվի, հետո հասարակությունն իմանա: 

-Ադրբեջանը ներկայացրել է 5 հիմնական կետերը. դրանք ամեն մեկն իր մեջ ունի բացվածք, որը չի ներկայացվում: Միգուցե այս պահին այդ բացվածքը փոխանցված չէ հայկական կողմին, բայց փաստ է, որ յուրաքանչյուր կետի տակ, այսպես ասած, ականապատ դաշտեր են, որոնք ոչ միայն այս փուլում, այլեւ հետագա տարիների համար բավականին ծանր խնդիրներ են  առաջացնելու ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի համար:

Սա պարզ պայմանների պրիմիտիվ փաստաթուղթ չէ: Սա քաղաքականության մեջ բավականին բարդ իրավիճակ է, բայց պետք է հասկանալ, որ ցանկացած ամենավատ իրավիճակում էլ պետք է գոնե սահմանել այն առանցքային դրույթները, որոնք որեւէ կերպ չպետք է խախտված լինեն, դարձնել հանրության համար ընկալելի եւ նաեւ համաձայնեցված հասարակության հետ: Իշխանության վաղուց հռչակված մոտեցումը հիմա էլ առկա է, հասարակությունը, բնականաբար, մասնագիտական առումով չտիրապետելոով նաեւ այս փաստաթղթի վտանգավոր  հետեւանքներին, շատ ավելի մտահոգված ու անհանգստացած է, քան կարող էր լինել մեկ այլ իրավիճակում:

 

 

 

«ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ»

Աժ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ANCA կենտրոնական գրասենյակի աշխատակազմի հետ: Քննարկվել են բազմաոլորտ հարցեր, ինչպես նաեւ այսօրվա Հայաստանի առջեւ ծառացած մտահոգիչ խնդիրները: Հանդիպման մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մանրամասն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչը ներկայացնում ենք ստորեւ.

 

«ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ հանդիպել ենք Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ANCA կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համփարյանի, կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Յերիմյանի եւ հաղորդակցության տնօրեն Էլիզաբեթ Չուլջյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի գլխին կուտակված օրհասական խնդիրները եւ առկա անվտանգային եւ արտաքին քաղաքական սպառնալիքները։ Մեր հայրենակիցներին ներկայացրել ենք Արցախ կատարած այցիս տխուր պատկերը, փաստեր Հայաստանի եւ Արցախի սահմանային իրավիճակի մասին։ Խոսել ենք սփյուռքահայության գործունեության եւ խնդիրների, Հայաստան-Արցախ-Սփյուռք  անքակտելի կապի ամրապնդման եւ համազգային եռակողմ օրակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ ԱՆգնահատելի է սփյուռքահայության՝ Հայ Դատի դերը Արցախին ու Հայաստանին աջակցելու, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները զսպելու, Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի եւ ապահով սահմաններով անկախության հասնելու, Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման շուրջ աշխատանքներ իրականացնելու եւ հումանիտար աջակցության գործում։ Քննարկել ենք նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցման եւ Արցախին տրամադրվող օգնության դադարեցման պատճառների եւ հնարավոր լուծումների մասին հարցը։

Ինչպես նաեւ քննարկման առարկան հայոց ցեղասպանության ոգեկոչումը եւ ցեղասպանության հետեւանքների վերացումն էր։ Երկուստեք մտահոգություններ ենք հայտնել Թուրքիայի հետ առանց նախապայմանների  հարաբերություններ սկսելու այսպես կոչված գործընթացի առթիվ, քանի որ շուրջ մեկ դարից ավելի է՝ աշխարհի հայության առաջնային խնդիրը եղել է ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, եւ բոլոր ջանքերը ուղղված են եղել դեպի այդ նպատակը։ Իսկ 1915թ.-ից հետո այսօր առավել քան արտահայտված է Թուրքիայի հովանավորչությամբ Անդրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, եւ այս պայմաններում, կարծում եմ, խաղաղության օրակարգերը կեղծ են»։

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործից ArmLur.am֊ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինը բացահայտել է, որ 2020 նոյեմբերի 20-ին նախարար Փիլոյանը բնակարան է ձեռք բերել,

սակայն այն իր ներկայացրած հայտարարագրում չկա, ինչի մասով եւս կոմիտեում քննություն է կատարվում: Սակայն այս իրավիճակում մտահոգիչն այն է, որ նախարարը 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմյան օրերին բնակարանի ձեռքբերման գործընթացով է զբաղված եղել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԻՆ կալանավորված նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ ԱԻՆ այլ պաշոնյաների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ, ըստ էության, նախաքննական մարմինը քրեական գործով անցնող կաշառք տվող անձանց առաջարկ է արել: Մասնավորապես՝ ասել է՝ նրանք, ովքեր ցուցմունք կտան եւ կպատմեն, թե ում եւ ինչ հանգամանքներում են կաշառք տվել, ապա երկրից չհեռանալու մասին ստորագրության հիմքով ազատ կարձակվեն, իսկ ովքեր չեն պատմի եւ ցուցմունք չեն տա, թե ԱԻն որ պաշտոնյային են տվել կաշառք, ապա կկալանավորվեն: Կաշառք տված անձանցից շատերը պատմել են այն, ինչ անցել է իրենց գլխով, եւ այսօր ազատության մեջ են, իսկ կան անձինք, որոնք ցուցմունք չեն տվել, կալանավորված են:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք:

Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

 




Լրահոս