ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՋՈՐԴԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ հայտնաբերել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

 

Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել «Nissan March» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը եւ ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ «Nissan March»-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ «Mercedes»-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից «Mercedes», այնպես էլ «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք:

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, որը Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչպես նաեւ հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ն. Պ.

 

 

 

ԶԻՆՎԱԾ ՀԱՍԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ»

Անդրանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՌԴ Դոնի-Ռոստովում բնակվող իր հոր՝ Նորայր Մանուկյանի մոտ մեկնելու համար նշված քաղաք մեկնող չվերթի վերաբերյալ տեղեկություններ ստանալու պատրվակով 2022 թվականի փետրվարի 9-ին նախապես տանից վերցրած կենցաղային նշանակության դանակով եւ առանց անձնագրի եկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերություն, որտեղ մոտենալով ընկերության մեկնման եւ ժամանման սրահի՝ 4-րդ հարկում տեղակայված ավիատոմսերի վաճառքով զբաղվող «ՎՐՆ-Ավիա» ՍՊ ընկերության գրասենյակին՝ դիմել է գանձապահ Շողիկ Ահարոնի Ղազարյանին՝ հարցնելով ՌԴ Դոնի-Ռոստով եւ Մոսկվա քաղաք մեկնելու չվերթների ավիատոմսերի առկայության մասին: Այնուհետեւ տեղեկանալով, որ նույն օրն առկա չեն չվերթներ նշված ուղղություններով, եւ իր մոտ եղած գումարը բավարար չէ ավիատոմս գնելու համար, բաճկոնի աջ գրպանից հանել է նախապես վերցած դանակը եւ սպասարկման պատուհանից պահելով Շողիկ Ղազարյանի դիմաց՝ նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո պահանջել է նյութական արժեք ներկայացնող մեկնման ավիատոմս: Գործը դատարանում է:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 1-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել անհայտ տղամարդ: Հաջորդ ահազանգն ապրիլի 2-ին էր՝ ժամը 00.05-ին. «ձախ կրնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել մեկ այլ երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Պարզվել է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Նրանք վնասվածքները ստացել էին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 9 մմ տրամաչափի պարկուճ:  Փաստով քրեական գործ էր հարուցվել: Պարզվել է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 23.00-ին, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, որի ընթացքում 33-ամյա երիտասարդը դանակահարել էր, իսկ 23-ամյա երիտասարդը 9 մմ տրամաչափի հրազենով կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ԿԻՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ

Ապրիլի 1-ին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում երիտասարդի բարեկամը հայտնել էր, որ նա վնասվածքը ստացել է Սվաճյան փողոցում ընկնելու հետեւանքով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը տեղեկացել էր, որ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով խփել էր կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա կինը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԱՆԵՐՈՋԻՑ ԿԲՌՆԱԳԱՆՁԵՆ

Իջեւան համայնքի նախկին ղեկավար, Իջեւան քաղաքը 1999-2011 թվականներին ղեկավարած Վարուժան Ներսիսյանի եւ իր աներոջ՝ Արամայիս Ամիրյանի միջեւ 2011թ. դեկտեմբերի 12-ին կնքվել է Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի 220/2 հասցեում գտնվող  0,6303 հեկտար մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր։  Հողամասը տրամադրվել է փոքր հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության նպատակով։ Կառուցապատման իրավունքը տրվել է 99  տարով։ Կնքված պայմանագրով կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմել է 108 հազար 735 դրամ։ Նշված պաայմանագիրը նոտարական վավերացում է ստացել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտարի կողմից։ Արամայիս Ամիրյանը, 2012թ. մայիսի 5-ին կնքված առքուվաճառքի պայմանագրի հիման վրա, 2012թ. մայիսի 7-ին անշարժ գույքն օտարել է «Ջուր-Լույս» ՍՊԸ-ին։ Ա. Ամիրյանը պայմանագրով նախատեսված ժամկետներում եւ պայմանագրում նշված  գումարի չափով չի վճարել կառուցապատման իրավունքի դիմաց վարձավճարները։ 2018թ. հունվարի 25-ին Իջեւան համայնքի ներկայացուցիչ Ս. Սիրադեղյանը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արամայիս Ամիրյանի՝ գումարի բռանգանձման պահանջով։ Դատավոր Ս. Իսկանդարյանի 2018թ. հունվարի 29-ի որոշմամբ հայցադիմումը  ընդունվել է դատարանի  վարույթ, եւ նշանակվել է նախնական դատական նիստ։ Հայցվորը միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել, դատարանը միջնորդությունը բավարարել է, Ա. Ամիրյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք է դրվել։

Դատական նիստերի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայտարարել է, որ կառոցապատման իրավունքը վաճառվել է «Ջուր-Լույս» ընկերությանը, եւ օտարման պայմանագրի օրինակը կներկայացնի դատարան, նաեւ  հայտարարել է, որ չի ընդունում հայցը եւ պատրաստ է բանակցելուն։ 2022թ. մարտի 17-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել, Արամայիս Ամիրյանից հօգուտ Տավուշի մարզի Իջեւան  համայնքի բռնագանձել 954 հազար 902 դրամ՝ որպես կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված պարտքի գումար, որից 653 հազար 600  դրամը՝ որպես պարտքի գումար, 301 հազար 302 դրամը՝ որպես հաշվարկված տույժի գումար, Ա. Ամիրյանից հօգուտ Իջեւան համայնքի բռնագանձել 19 հազար 98 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հունվարի 29-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանել՝ մինչեւ վճռի կատարումը։ Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս