Բլինկենն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին տեղեկացրել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Համապատասխան հաղորդագրորթյունում նշվում է, որ Բլինկենը, ի թիվս այլնի, քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները:

«Պետքարտուղարը խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները, այդ թվում՝ նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի վեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ծրագրված հանդիպումը: Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել՝ ներգրավվելով երկկողմանի և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դերի միջոցով՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինկենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Փաշինյանը և Բլինկենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:




Լրահոս