ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Եղեք սիրված և գնահատված ողջ տարին, և թող ձեր կյանքում միշտ գարուններ լինեն։
Աշխարհի բոլոր մայրերին ամուր առողջություն եմ մաղթում։ Դուք հայ ընտանիքների սյունն եք, և ձեզնով է, որ երբեմն մեզ կարողանում ենք մանուկ զգալ։
Այս գեղեցիկ տոների առթիվ Armenian Time / Հայկական ժամանակ-ի հետ զրուցել ենք կին քաղաքական գործիչ լինելու, աշխատանքը ընտանիքի հետ համատեղելու և կանանց մեկամսյակի խորհուրդի մասին։ Հետաքրքրիր զրույց է ստացվել։
– Տիկին Թովմասյան, ինչո՞վ է տարբերվում քաղաքական գործիչ կինն այլ աշխատանքով զբաղվող կանանցից: Ի՞նչ խնդիրների է բախվում:
– Նախ ողջունում եմ ձեզ և ընթերցողներին և շնորհակալ եմ հարցերի համար: Ինչ խոսք, քաղաքականությունը ամենահեշտ ոլորտը չէ կանանց համար, և խոչընդոտները բազմաբնույթ են․ կարող ենք սկսել հենց այն կարծրատիպից, որ ասում են, թե քաղաքականությամբ պետք է տղամարդիկ զբաղվեն, այսինքն՝ կին քաղաքական գործիչը ընկալվելու խնդիր ունի մեր հասարակության մի զանգվածի համար, սակայն, կարծում եմ, այսօր ոլորտի կանայք ապացուցում են, որ իրենք ոչնչով չեն զիջում տղամարդկանց․ առհասարակ 21-րդ դարի կինը շատ ուժեղ է, շատ կայացած, և սա իր արտահայտությունն ունի բոլոր ոլորտներում: Միայն թե չթիրախավորեն որպես կին:
– Ինչպե՞ս է ստացվում համատեղել մայրությունն ու աշխատանքը: Եղե՞լ է դեպք, երբ ինքներդ Ձեզ մեղադրեք երեխաներին քիչ ժամանակ տրամադրելու մեջ: Երեխաներին «հասանելիք» ժամանակը, որը երբեմն ստիպված եք լինում տրամադրել աշխատանքին, հետո ինչպե՞ս եք լրացնում։
– Ահա քաղաքականությամբ զբաղվող կնոջ «խնդիրներից» ևս մեկը․ հեշտ չէ համատեղել, մանավանդ երբ երկու փոքրիկ երեխա ունես, սակայն կարող եմ ասել, որ վատ չի ստացվում: Այո՛, իհարկե եղել է, իմ ծանրաբեռնված և շատ հաճախ չպլանավորված գրաֆիկում նման դեպքեր հաճախ են լինում, իմ գլխավորած հանձնաժողովը աշխատում է 24/7 ռեժիմով, քաղաքացիների իրավունքների խախտման ահազանգեր կարող են լինել ամեն պահի, ուստի դա անխուսափելի է, բայց ես անպայման փորձում եմ հետո լրացնել այդ բացը՝ ազատ ժամանակս նրանց տրամադրելով և նրանց «քմահաճույքները» կատարելով, երբեմն նույնիսկ աշխատանքային գործուղումներիս դեպի ՀՀ մարզեր նրանք ինձ հետ են լինում։
– Ակտի՞վ մայրիկ եք: Սիրո՞ւմ եք ընտանիքով ժամանակ անցկացնել, օրինակ՝ արշավների գնալ, ատրակցիոններ նստել, ճանապարհորդել, թե՞ նախապատվությունը տալիս եք պասիվ ընտանեկան հանգստին:
– Մենք ընտանիքով սիրում ենք և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգիստ և պարբերաբար կազմակերպում ենք տարբեր զվարճանքի վայրեր այցելություններ, մանկական խաղահրապարակներ, ատրակցիոներ, կամ պարզապես զբոսանք, հաճախ էլ փախուստի ենք դիմում քաղաքի աղմուկից՝ ինչպես Վարդենիս, այնպես էլ Հայաստանի այլ բնակավայրեր, սակայն, պետք է խոստովանեմ, որ այդ ժամանակ էլ եմ աշխատանքը համատեղում հանգստի հետ՝ շրջում եմ, հանդիպում քաղաքացիներին, զրուցում, ծանոթանում տեղի բնակիչների խնդիրներին, իսկ Հայաստանի սահմաններիից դուրս ճանապարհորդել այս փուլում, երբ դեռ տղաս շատ փոքր է, ավելի բարդ է, մի քիչ մեծանա, միասին կբացահայտենք աշխարհը․ Աստված առաջ:
– Շատ են այն կարծիքները, որ կանանց պետք է սիրել և արժևորել ոչ միայն տոներին (մարտի 8- ապրիլի 7), այլև ամեն օր և ամեն պահի: Դուք համակարծի՞ք եք այս դիտարկումների հետ: Կանանց նվիրված այս տոները ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար:
– Ես լիարժեք կիսում եմ այդ կարծիքները․ այո, կնոջը պետք է սիրել, կարևորել, գնահատել և մեծարել ամեն օր․ վստահաբար կարող եմ ասել, որ կնոջը տված սերը վերադառնում է կրկնակի, եռակի. երբ կինը երջանիկ է, շուրջբոլորը երջանկությամբ է լցնում:
Երկար տարիներ կանանց իրավունքները տարբեր հասարակություններում ոտնահարվել են, և կանանց նվիրված այս տոները ինձ համար առաջին հերթին կանանց իրավունքների պաշտպանության խորհուրդ ունեն, մեր հասարակությունը կարծես թե հաղթահարում է սեռային խտրականությամբ պայմանավորված կարծրատիպերը, բայց դեռ հեռու ենք լիարժեք առողջ հասարակություն լինելուց:
Եվ իհարկե, այս տոները գեղեցիկ և լրացուցիչ առիթ են կնոջ դերը ընդգծելու, ընդ որում՝ ոչ միայն տղամարդկանց կողմից, ես մեծ սիրով շնորհավորում եմ իմ շրջապատի կանանց, փորձում ուրախացնել նրանց, դե իսկ ապրիլի 7-ը աշխարհում ամենաթանկ և ամենագեղեցիկ էակների՝ մայրերի տոնն է, և ամենաջերմ խորհուրդն ունի իր մեջ․ այս օրը ինձ համար նույնիսկ ավելի գեղեցիկ տոն է, քան մարտի 8-ը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մայրության և գեղեցկության տոնը: Թող բոլորիս մայրերն առողջ լինեն, մենք էլ միշտ հնարավորություն ունենանք մեզ երեխա զգալու»։