ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումն, ըստ էության, միանգամայն սպասելի էր: Անցած ամիս ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբոր` ՀՀԿ վարչության անդամ Կարեն Կարապետյանի անսպասելի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վիգեն Սարգսյանի արդեն հիմնական նշանակումը Սերժ Սարգսյանի համար թերեւս ամենահարմար տարբերակն էր բոլոր առումներով: Նախ` Վիգեն Սարգսյանը քաղաքական անցանկալի ամբիցիաներ չունի: Բացի այդ, շատ լավ գիտի, թե Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանից հետո ով է երկրորդ մարդն ու իրական հարց լուծողը: Այնպես որ, այս մասով ամեն բան կարգին է: Վիգեն Սարգսյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի համար հարմար տարբերակ էր նաեւ զուտ մարդկային առումով: Թեեւ շատերի մոտ այն կարծիքն է, որ Վիգեն Սարգսյանը առավելապես Ռոբերտ Քոչարյանի կադրն է, իրականում դա այդպես չէ: Մինչեւ Ռոբերտ Քոչարյանի օգնական դառնալը, Վիգեն Սարգսյանը 2000-2003թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սագսյանի օգնականը եւ հենց նրա երաշխավորությամբ է մուտք գործել Բաղրամյան 26: Ու թեեւ արտերկրում, մասնավորապես ԱՄՆ-ում կրթություն ստացած Վիգեն Սարգսյանի նշանակումը քաղաքական դաշտում ընկալվեց իբրեւ արեւմուտքին ուղղված մեսիջ, իրականում նման ենթատեքստ փնտրելն այնքան էլ ճիշտ չէ: Նախ` Հայաստանում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը երբեւէ այնքան չի կարեւորվել, որպեսզի դառնար գերտերություններին ժեստեր անելու միջոց անգամ Սերժ Սարգսյանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար աշխատած կարճատեւ ժամանակահատվածում: Բացի այդ, նշված պաշտոնում աշխատած գրեթե ոչ մի գործիչ չի ունեցել այն քաղաքական կշիռն ու ազդեցությունը, որը կարող էր լրջորեն հետաքրքրել գերտերություններին: Ու եթե հիշում ենք նաեւ այն, որ 2008թ-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է անգամ իր քրեական կենսագրությամբ հայտնի, ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը, ապա ակնհայտ է դառնում, որ այս նշանակմամբ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորն արեւմուտք ուղղելու մասին խոսակցությունները, մեղմ ասած, չափազանցված են: Թեեւ կոնկրետ Վիգեն Սարգսյանի դեպքում նման մտավախությունները թերեւս պայմանավորված են շուրջ մեկ տարի առաջ ռուսական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված այն տեղեկատվական արտահոսքով, որ ի թիվս մեկ տասնյակի չափ այլ բարձրաստիճան պաշտոնյաների` Վիգեն Սարգսյանը եւս ամերիկյան գործակալ է` դեռեւս ուսանողական տարիներից հավաքագրված ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: Սակայն եթե հավատալու լինենք այդ ամենին, ապա կստացվի, որ Բաղրամյան 26-ում միակ քիչ, թե շատ ռուսամետ գործիչը մնում է Սերժ Սարգսյանը:
ԱՆՌՈՒՍԱՄԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ