Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում:
Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման: