Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 5-ին հրապարակել է «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով որոշումը: Դրանով դատարանը որոշել է բավարարել Նանա Մուրադյանի բողոքը եւ արձանագրել, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի զինծառայող որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո:
Իսկ որ գործի մասին է խոսքը
Նանա Մուրադյանն այս ընթացքում մշտապես ակցիաներ է իրականացրել՝ որդու մահվան հանգամանքները պարզելու համար: Բանն այն է, որ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Վալերի Մուրադյանի 3000 դրամ պարտքը: Վալերիի մայրը՝ Նանա Մուրադյանը, հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:
Նանա Մուրադյանը մշտապես դժգոհ է եղել նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:
Նանա Մուրադյանը, դիմելով ՄԻԵԴ, առաջ է քաշել Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածների (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Մասնավորապես` այն, որ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան դեպքով իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: ՄԻԵԴ-ը որոշել է բողոքը քննարկման առարկա դարձնել միայն կյանքի իրավունքի խախտման մասով:
Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:
Ն.Հ.