ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին գրություն էի ուղարկել և նրա
ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի (պատմական Գանձակի) վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին այն դեպքում, երբ ինքը Արցախի խաղաղ բնակչությանը պատերազմ պարտադրած պետության իշխանության ներկայացուցիչ է, իսկ Արայիկ Հարությունյանը ինքնապաշտպանություն իրականացրած պետության լեգիտիմ նախագահ, և այս ամենը հետապնդում է Արցախի բնակչության շրջանում վախ առաջացնելու հանցավոր նպատակ։ Տիկին Թրեյսիին տեղեկացրել էի, որ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում , մինչդեռ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները։
Դեսպանից խնդրել էի դատապարտել Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի և ամբողջ արցախահայության նկատմամբ, հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, որ Ադրբեջանը չխոչընդոտի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։
Տիկին Թրեյսիից ստացել եմ պատասխան, որտեղ դեսպանը նշում է, որ խորապես մտահոգված են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և դեմ են էսկալացիոն քայլերին և սադրիչ հռետորաբանությանը: «Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ ժողովրդին, ով ձգտում է ավելի ժողովրդավարական, խաղաղ և պայծառ ապագայի: Ես գնահատում եմ ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ», – նշում է դեսպանը»։