«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ քաղաքական ուժի հետ «Ժառանգության» միավորումը չի բացառում: -«Ժառանգություն»-ը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, որ չափազանց զգայուն են Հայոց ցեղասպանության հետ կապված յուրաքանչյուր հարցի նկատմամբ, համառորեն լռություն են պահպանում` Շարլ Ազնավուրի վերջին հայտարարության հետ կապված: Մինչդեռ եթե ասողը նա չլիներ, կարելի է պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրանար:-Շատ հարգելի հայրենակից եւ հայտնի մշակութային գործիչ լինելուց բացի, պարոն Ազնավուրը նաեւ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է, ում վերադասը ՀՀ նախագահն է, եւ եթե լռելու կամ գործելու կամ ուղղելու խնդիր կա, առաջին հերթին դա իրենն է եւ ոչ իմը: Պարզ է, որ ես ինքս` որպես հայ մարդ եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ անգամ «ցեղասպանություն» եզրը քիչ է, թույլ` բնորոշելու համար այն ամբողջական արհավիրքը եւ կորուստը, որ հայ ժողովուրդն ապրեց 1915 թվականին:-Մեր մեծ հայրենակցի արտահայտածն արդյո՞ք նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի դիրքորոշումը չէ, որը քննադատում էիք:-Կարելի է այդ մոտեցման հետ նմանություններ գտնել Հայաստանի երեք վարչակազմերի օրոք, բայց կարծում եմ, որ այսօրվա իրագործվող արտաքին քաղաքականությունը, հատկապես Հայաստան-Թուրքիա չափումով, քիչ է տարբերվում առաջին վարչակազմի քաղաքականությունից եւ դրա համար կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ այդ ելույթն ուղղման կարիք ունի: Եւ ոչ միայն ելույթը, այլեւ այսօրվա քաղաքականությունը պետք է ուղղման ենթարկվի:-Ձեր կուսակիցներն ամռան վերջին հայտարարում էին, որ ինչ-որ հանդիպումներ են անցկացվում տարբեր քաղաքական ուժերի հետ: Հնարավո՞ր է, որ Դուք որեւէ կուսակցության հետ դաշինքով մասնակցեք ընտրություններին, օրինակ` «Ազատ դեմոկրատներ»-ի:-Եթե Ձեր հարցը հայցում է կարճ պատասխան, կարող եմ ասել, որ հնարավոր է, եւ ես իմ խոսքի մեջ ասացի, որ անհրաժեշտ է համահասարակական եւ համաքաղաքական միավորում: Ու թեեւ պաշտոնական որեւէ քննարկում չի եղել «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, կարող եմ ասել, որ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին ուղենիշներով նմանություններ կան, եւ կողջունենք համագործակցությունն իրենց եւ մի շարք այլ քաղաքական ուժերի հետ:-Հնարավո՞ր է նաեւ ԲՀԿ-ի: -Ներկա դրությամբ բանականության եւ ողջախոհության սահմաններում ոչ մի բան չի բացառվում, բայց այսօր իմ պատասխանը կլիներ ժամանակավրեպ եւ չհասունացած: Նման քննարկում չի եղել, բայց տեսականորեն, որպես քաղաքական հնարավորություն, կարելի է շատ բան դիտարկել, որ հիմա չկա ասպարեզում:-Եթե հանկարծ պարզվի, որ ԲՀԿ-ն բերում է Քոչարյանին, գործնականում հնարավո՞ր է, որ «Ժառանգություն»-ն այդ տեսական հնարավորությունը կրկնի:-Կարծում եմ, որ «Ժառանգություն»-ը, ինչպես մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, նոր այլընտրանք է ուզում, եւ այդ նոր այլընտրանքը պետք է հարգի մեր հետագիծը` նրանք, ովքեր ծառայել են մեզանից առաջ, բայց կարծում եմ` ամբողջովին նոր բանաձեւ, նոր բանալի, մոտեցում պետք է լինի: Եւ անձամբ կարծում եմ, որ գործած նախագահների առկայությունն ավելորդացած պետք է լինի այլեւս:-Դուք ասել էիք` չպետք է լինի երեք նախագահների եռանկյունին, սակայն ընտրությունները մոտենում են, եւ ակնհայտ է, որ հենց նրանք են լինելու:-Ես ասել եմ, որ իրենք քաղաքական մասնակցության իրավունք չունեն, շատ թող չնեղանան, իրենք իրենց տեղն ունեն, չնայած սխալներ են գործել, որոնք այսօր մենք «վայելում ենք» ազգովի: Դրա համար ես իրենց ծառայությունն ամբողջականության մեջ եմ դնում` դրականով, թե բացասականով, սակայն պիտի ասեմ, որ իրենք իրավունք ունեն, բայց եթե մեր երկրի լավն են ուզում, պիտի թույլ տան, որ նոր սերունդը նոր այլընտրանքով հանդես գա, եւ թե՛ ԱԺ, թե՛ նախագահական ընտրություններում փոխվի ղեկավարությունը, եւ վերջապես ունենանք չորրորդը: Չորրորդ պայմանականորեն ասած հանրապետությունը, չորրորդ նախագահությունը, ու թեեւ ես պաշտում եմ մեր եռագույնը, նաեւ չորրորդ գույնը:-Առաջադրվելո՞ւ եք որպես նախագահի թեկնածու: -Ամեն ինչ հնարավոր է:-Ձեր այցն Ազատության հրապարակ մեկնաբանվեց որպես քաղաքավարական ժեստ: -Քաղաքավարական այց էր, ես այցելեցի Ազատության հրապարակ, ոչ թե առաջին նախագահին, այդպես զուգադիպեց իր ներկայությունը: Որ այցելեցի, արդեն տեսա, որ այնտեղ ներկաների մի մասն ինձ զորակցել է հացադուլի օրերին, եւ այնպես պատահեց, որ իմ դիմացը հայտնվեց առաջին նախագահը, եւ ինչպես անցյալում, ես մոտեցա, բարեւեցի, քաղաքավարությունից էր: Դրանից ոչ մի փոփոխություն չի եղել ո՛չ իր, ո՛չ իմ մոտեցումների մեջ, բայց կարծում եմ, որ հաղորդակցությունը պետք է բաց պահվի: Անգամ նրանց միջեւ, ովքեր անցյալում կամ ներկայում ունեն քաղաքական տարաձայնություններ: Դա ժամանակակից հրամայական է, եւ հեշտ է սեփական համակիրների առջեւ ինչ-որ բացակայի նկատմամբ չարաճճի բաներ ասել, սեփական «ես»-ը ընդգծել, բայց շատ ավելի դժվար է, որ դու հայտնվում ես այնպիսի միջավայրում, որտեղ կան տարբեր մոտեցումներ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ