Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է՝ մեկ տարվա ընթացքում 2300-ով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 300 մարդ էր:
Մյուս կողմից նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը՝ բնակչության թվաքանակն ավելացել է: Օրինակ, Արմավիրի մարզում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 300 մարդ: Արարատի մարզում բնակչության թվաքանակը նույնն է մնացել՝ 256 հազար 600 մարդ: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 500-ով:
Բնակչության թվաքանակն ավելացել է Երեւանում՝ 1000-ով: Եթե նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակնը կազմել է 1 մլն 91 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 700 մարդ: Մյուս կողմից, պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերում:
Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարի կանցկացվի հերթական մարդահամարը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունն արդեն հրապարակել է մարդահամարի անցկացման ճշգրիտ ամսաթիվը։ Կառավարության որոշման համաձայն, հերթական մարդահամարը կանցկացվի այս տարվա հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։
Ի դեպ, 2022թ. մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը: Նշենք, որ մարդահամարներն անցկացվում են 10 տարին մեկ: Այն պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ հերթական մարդահամարի անցկացման ժամկետը 2020-ից երկարաձգվեց մինչև 2022 թվական:
Ս.Հ.