ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական դերասանական դպրոցը հիրավի մեծ անուններ է տվել, որոնցով պարծենում է ողջ ազգը, սակայն վերջին տարիների փորձությունները ճգնաժամային եղան նաեւ թատրոնի եւ կինոյի համար: Հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս, թե որտեղ եւ ինչով են զբաղվում 90-ականներից հայտնի հայկական կինոյի եւ թատրոնի ամենասիրված եւ հանդիսատեսի մեծ սերը վայելած դերասանուհիները: Ինչո՞ւ նրանք այլեւս չեն նկարահանվում եւ ակտիվ ստեղծագործական կյանքով չեն ապրում, ինչո՞ւ են մղվել հետին պլան եւ մնացել ստվերում:

 

ArmLur.am-ը առանձնացրել է դերասանուհիներից մի քանիսին, որոնք տեւական ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չեն երեւում:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանն այն դերասանուհիներից է, որն իր հումորային կերպարներով եւ դրամատիկ կյանքով մշտապես եղել է հանդիսատեսի ուշադրության կենտրոնում, սակայն արդեն տեւական ժամանակ է՝ դերասանուհին պայքարում է, որպեսզի դեր ստանա Դրամատիկական թատրոնում: Ինչպես դերասանուհին է բնութագրել իր կյանքը, տրագիկոմեդիա է, լացն ու ծիծաղը՝ իրար կողքի:

Դերասանուհու խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր եւ ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիեւի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կա՛նգ առ, երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) եւ այլն։ Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։

Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը հանրության կողմից սիրվեց «Վերվարածներ» հումորային հեռուստասերիալի շրջանակներում: Դերասանուհին այժմ խաղում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զուգահեռ նաեւ համատեղում է երգչուհու կարիերան:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Նարինե Ալեքսանյանը նույնպես, չնայած թատրոնում ակտիվ գործունեություն ծավալելուն, ակտիվ չէ հեռուստաէկրաններին: Նշենք, որ դերասանուհին այժմ գտնվում  է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նշենք, որ դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Իմ մեծ հայկական հարսանիքը» 2005 «Լռության սիմֆոնիա» 2001, «Իմ տունը քո տունը չէ» 2011, «Վերջին հայրիկը» 2015-2016, «Վերջին գործարքը» 2018, «Նռան հատիկ» 2018-2020, «Գտնված երազ» 2019, «Փափուկ խաղալիք» 2020:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԳԱՐՈՒՆ Ա»-Ի ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ապրիլի 1-ին հեղինակավոր Directors Guild of America-ում (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) կայացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» կինոնկարի ամերիկյան պրեմիերան։

 

Իրադարձությանը մասնակցել են ֆիլմի ստեղծագործական կազմը, ինչպես նաեւ դերասանները։ Պրեմիերային հրավիրված են եղել ամերիկացի եւ հայ պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ եւ արվեստի գործիչներ։

Կինոնկարի երեւանյան պրեմիերան կայացել է մարտի 1-ին։

«Գարուն ա…»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ArLeAM-ի աջակցությամբ։

 

 

ՉԻ ԵՐԿԱՐԱՁԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է եղել աշխատավարձի զգալի կրճատման, որպեսզի շարունակի կարիերան Արքայական ակումբում, սակայն կողմերը համաձայնության չեն հասել. հաղորդում է Defensa Central-ը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Մարսելոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։ Նա 2007-ին բրազիլական «Ֆլումինենսեից» է տեղափոխվել «Ռեալ»։

 

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դեռ չի ունեցել պայմանագրի երկարաձգման բանակցություն փարիզյան ակումբի ղեկավարության հետ։ «Հիմա ես չեմ քննարկում ապագաս ՊՍԺ-ի հետ։ Պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա։ Մենք պետք է վերլուծենք իրավիճակը մինչեւ որոշումներ ընդունելը»,- 50-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Footmercato-ն։ Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարեւորել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դերը իր ղեկավարած թիմում եւ հույս հայտնել, որ նա կերկարաձգի պայմանագիրը։ «Ես ցանկանում եմ, որ Մխիթարյանը մնա։ Կարծում եմ՝ նա էլ այդպիսի ցանկություն ունի, ակումբի ղեկավարությունն էլ կողմ է։ Եթե Մխիթարյանը ցանկանա մնալ, նրա գործակալ Մինո Ռայոլան կհասնի համաձայնության»,- ասել է Մուրինյոն: Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Իտալական մամուլի տվյալներով՝ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կնքել 2 տարվա պայմանագիր տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ռոման» առաջարկել է 1 տարվա պայմանագիր 3 միլիոն եվրո աշխատավարձով։

 

 

25-ՐԴ՝ 24-ՐԴ ՏԵՂԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է ամենաշաբաթյա դասակարգման աղյուսակը։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 25-րդ տեղից բարձրացել է 24-րդ տեղ։ Մայամիի «Մասթերսի» հաղթող, 18-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը 16-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ։

 

 




Լրահոս