Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Փաշինյան-Ալիեւ վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր 5 կետեր, եւ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային եւ արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։ Դրան զուգահեռ երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն էին հանրահավաք անցկացնում՝ «Հանուն Հայաստանի ու Արցախի փրկության» խորագրով: Ներկա էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունեցան բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ՝ ասելով, թե այժմ վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ապագան:
ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի կողմից խորհրդարան են մուտքագրվել «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Հաշվետու հանձնաժողովում այն քննարկելուց հետո ՄԻՊ-ն անձամբ կգա խորհրդարան եւ արդեն լիագումար նիստում կներկայացնի զեկույցը: Այստեղ հետաքրքիր է, որ Քրիստինե Գրիգորյանն ըստ էության ներկայացնելու է նախորդ պաշտպանի՝ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը եւ այդ մասով պատասխանի պատգամավորների հարցերին: Եվ այստեղ հետաքրքիր է՝ ինչպես է ՔՊ-ի կողմից առաջադրված եւ ընտրված Քրիստինե Գրիգորյանը ներկայացնելու իշխանությունների հասցեին քննադատությունները, որոնք առկա են զեկույցում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ներկայացված հաղորդումը: Զեկույցներից մեկը բաղկացած է 287 էջից: Օրինակ՝ բազմաթիվ քննադատություններ են առկա կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի մասով: Զեկույցում նշված է, որ կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ սահմանափակումները համակարգային խնդիր են հանդիսանում: Տարբեր այլ ոլորտներում եւս քննադատություններ են առկա, եւ հետաքրքիր է՝ ինչպես է Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում ներկայացնել դրանք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, այդ թվում՝ հին ընկերների հետ չի շփվում: Նույնիսկ այնտարբեր է նրանց նկատմամբ, ում հետ աշխատել է խորհրդարանում, իր թիմը համարել ու ամենօրյա կապի մեջ եղել»,- իր զարմանքն արտահայտեց մեր զրուցակիցը: ՔՊ-ականներից ոմանք նոյեմբերի 9-ից հետո դաժան ծեծի ենթարկված Միրզոյանին համեմատում են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որ հարաբերությունները սառեցրել ու որեւէ մեկի զանգերին չէր պատասխանում: «Որեւէ մեկս չենք հասկանում՝ ինչ է ուզում Արարատ Միրզոյանը. մտածում է այլ պաշտոնի անցնե՞լ, թե՞ հարմարվել է ԱԳՆ-ում: Անգամ ընկերական՝ «no Politics» ձեւաչափի հանդիպումներն է մերժում»,- ներկայացրեց մեր աղբյուրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթացներ են եղել: Մասնավորապես, քաղաքական իշխանությունները Փիլոյանին առաջարկել են ազատման դիմում գրել, ինչը նա մերժել է, որից հետո կոնկրետ օպերատիվ տեղեկությունների եւ դիմում բողոքի հիմքով՝ իրավապահները մտել են նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել նախարարի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը նշեց, որ, բացի նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելուց, այլ բան չի կարող հայտնել: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: