ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Moody’s ընկերությունը Հայաստանի համար նոր կանխատեսումներ է արել: Մասնավորապես, խոսքը բացասական կանխատեսումների մասին է, որ առկա է տնտեսության մասով:

 

Moody’s-ում բարձր են համարում հավանականությունը, որ իրավիճակը կարող է սրվել, մանավանդ որ 2020 թվականի հրադադարի միջնորդը եղել է Ռուսաստանը, որը ներկայումս զբաղված է Ուկրաինայի հետ կապված խնդրով։ «Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության հաճախության ու ինտենսիվության աճ լինի, դա կանդրադառնա սպառման եւ ներդրումների, ինչպես նաեւ ֆինանսական կայունության վրա, մանավանդ եթե արտարժույթի մասով ճնշումներ լինեն եւ/կամ ռազմական ծախսերի մեջ նկատելի աճ լինի»,- նշվում է կազմակերպության կանխատեսման մեջ։

Հայաստանը պատերազմից հետո ռազմական բյուջեում նկատելի փոփոխություն չի արել։ Ադրբեջանն արել է. լրջորեն մեծացրել է ռազմական ոլորտի ներարկումները։ Ավելին, կանխատեսումներում մատնանշված ռիսկերին շատ մոտ է նաեւ առաջնագծի ներկա իրավիճակը, մասնավորապես՝ Արցախի ուղղությամբ։ Moody’s-ի տնտեսագետները կարծում են, որ, սրանից բացի, Հայաստանի տնտեսության վրա լուրջ ազդեցություն կունենա նաեւ այն, թե ինչպես տարածաշրջանի երկրները կփոփոխեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս ամենի հանրագումարում Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կանխատեսվում է 1,8 տոկոս, հաջորդ տարի՝ մոտ 3 տոկոս։ Սա Moody’s-ի կանխատեսումն է, որն ավելի ցածր է, քան նախկին կանխատեսումները։ Հայաստանում պետական կառույցների կանխատեսումները որոշակիորեն տարբերվում են։ Ֆինանսիստներն ավելի հոռետեսական են տրամադրված, էկոնոմիկայի նախարարը շարունակում է լավատեսություն հաղորդել։

«Այս պահին մեր աշխատանքը ձեւավորում ենք հենց այդ թիրախի շուրջ՝ անկախ նրանից, որ թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ ԿԲ-ն, թե՛ Fitch-ը նվազեցրել են իրենց կանխատեսումները: Մեր թիրախը դեռեւս նույնն է, ինչ եղել է տարվա սկզբին բյուջեն կազմելիս»,- Ազգային ժողովում բացատրում էր Վահան Քերոբյանը։

Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Այսպիսով, փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 206 հազար 511 դրամ: Նախորդ տարվա փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում էր 191 հազար 560 դրամ։ Նշենք, որ փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում գնաճը կազմել է 6,5 %, իսկ միայն սննդամթերքինը՝ 11,4 %։

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը պետական ոլորտում, գնաճի համեմատ, ավելի դանդաղ է։ Այսպես, փետրվարին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 171 հազար 700 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 166 հազար 860 դրամի փոխարեն։ 1 տարում աճը կազմել է 2,9 %: Մասնավոր հատվածում միջին աշխատավարձի բարձրացումը գերազանցում է գնաճը։ Այսպես, այս տարվա փետրվարին մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 222 հազար 450 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 203 հազար 700 դրամի փոխարեն։ 1 տարում միջին աշխատավարձի աճը մասնավոր հատվածում կազմել է 9,2 %:

Թե արդյունքում ինչ կլինի իրավիճակը, եւ արդյունքում որքան տնտեսական աճ կլինի, կամ այս թվերում ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Թուրքիան եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ ավարտել են բազմամսյա բանակցությունները լարված հարաբերությունների բարելավման ընթացակարգի հաստատման վերաբերյալ՝ դիտարկելով համագործակցության հնարավորությունը տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում։ Սպասվում են նախարարական քննարկումներ. նշվել է կողմերի համատեղ հայտարարությունում: Երկու երկիները նախագահները հոկտեմբերին պայմանավորվել էին բանակցություններ սկսել «Ռազմավարական մեխանիզմի» մասին։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ՝ «քննարկելու համար այն թեմաները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», ինչպիսին են տնտեսական եւ պաշտպանական համագործակցությունը, պայքարն ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունները. նշվել է համատեղ հայտարարությունում։ Անկարայում բանակցությունների շրջանակում Նուլանդը նաեւ հանդիպել է Էրդողանի արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ։

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ԿՈՉ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 եւ 2021թթ. գերեվարված հայ զինծառայողների ազգականներին. ներկա են եղել ե՛ւ անհետ կորածների, ե՛ւ Ադրբեջանում երկարատեւ ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն են եղել, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ. նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, եւ Ժնեւյան կոնվենցիան։ «Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին եւ, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհետ կորած զինծառայողների մասին տեղեկություններ ձեռք բերելուն»,-ասված է հաղորդագրությունում։

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում, որը, հավանաբար, կսահմանափակի ինքնաթիռների լիզինգը, ինչպես նաեւ այնպիսի արտադրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպիսին են ավիացիոն վառելիքը, պողպատից պատրաստված իրերը եւ պերճանքի առարկաները. տեղեկացրել է CNBC-ն՝ հղում կատարելով երկու աղբյուրի։ Այնուամենայնիվ, ԵՄ-ում նախկինի պես կարծիքները տարբերվում են այն հարցում, թե արդյոք այդ պատժամիջոցները պետք է տարածել էներգակիրների ներմուծման վրա։ ԵՄ-ի երկու պաշտոնյայի կարծիքով՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթը ներառելու է ինքնաթիռների լիզինգը, պողպատե իրերը, պերճանքի առարկաները եւ ավիակերոսինը։ Երկու աղբյուրները նշել են, որ փաթեթը դեռեւս մշակման փուլում է եւ կարող է փոխվել առաջիկա օրերին կայանալիք բանակցությունների արդյունքում եւ չորեքշաբթի ԵՄ-ի դեսպանների վճռական հանդիպման նախօրեին։

 

 

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հայաստանում այս տարվա հունվարին կերակրի աղի արտադրության ծավալները պակասել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ աղի արտադրության ծավալները նվազել են 14.8 տոկոսով: Պարզվում է՝ Հայաստանում աղի միակ արտադրող «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը նվազեցրել է արտադրության ծավալները: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով՝ իրենց արտադրած աղի իրացման ծավալները վերջին շրջանում ավելի քան 30 տոկոսով նվազել են: Մյուս կողմից՝ տեղական աղի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողի համոզմամբ՝ շուկայում այդ պակասը լրացվում է իրանական տեխնիկական աղով: Մյուս կողմից՝ մասնագետը պնդում է, որ Իրանից ներկրված աղը պատկան կառույցների կողմից չի ստուգվում, ավելին՝ ներմուծվում է որպես շինանյութ եւ ոչ սննդային արդյունաբերության մեջ օգտագործվելու փոխարեն, հայտնվում է ներքին շուկայում եւ վաճառվում որպես կերակրի աղ:

 

 

 

ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏՎԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Արթուրի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում կայանված «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող «Ռենո Լոգան» մակնիշի 923 OV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 6.500.000 ՀՀ դրամ գումար: Մեղադրյալը գրավով ազատ է արձակվել, իսկ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

 

 

 

ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունվարի 10-ին «Քո քաղաքականությունը» լրատվական կայքում հարցազրույցի ընթացքում, այդ կերպ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, վերջինիս նկատմամբ հայհոյանք տալով եւ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարտկեշտ եղանակով վիրավորելով, հասցրել է ծանր վիրավորանք: Գործը դատարանում է:




Լրահոս