Հոկտեմբերի 17-ին թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկի դիմում է գրել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Արծրունի Ղալումյանը: Նա ՀՀԿ անդամ է, այդ կուսակցության Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավարը: Ա.Ղալումյանը Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանի խնամին է, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մտերիմը: Հավանաբար նա իր ցանկությամբ չի հրաժարվել ընտրապայքարին մասնակցելուց: Նոյեմբերի 13-ին կայանալիք Իջեւան համանքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու դեպքում Ա.Ղալումյանը լուրջ մրցակից կդառնար Իջեւանի քաղաքապետ, այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանի համար, ով քաղաքը ղեկավարում է 1999 թվականից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ղալումյանի ինքնաբացարկը կապված է իջեւանյան ընտրապայքարին միջամտելու փորձեր արած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այժմ Իջեւանի քաղաքապետի թեկնածուները 3-ն են` ԲՀԿ անդամ, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ