Ռ. ՅԻՐԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՎԻՎԱ-ՄՏՍ»-Ի ՓՈՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին բիզնես դպրոց»-ի հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում: «Առաջին բիզնես դպրոցը», որը ՀՀ-ում գործում է 2014 թ.-ից, նպատակ է հետապնդում զարգացնել ՀՀ բիզնես միջավայրը՝ հատկապես որակյալ եւ մրցունակ կադրեր պատրաստելու եւ նոր ստարտափեր ստեղծելու միջոցով։

 

«Առաջին բիզնես դպրոց»-ի շրջանավարտներից շատերն արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ կամ աշխատում են մասնագիտական ոլորտում: Դա բանախոսին թույլ տվեց թեման ներկայացնել համակողմանիորեն, անդրադառնալ առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակի, ինչպես նաեւ բերել կոնկրետ օրինակներ:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ժամանակակից ընկերությունների հաջողության հիմքում ընկած հիմնական մոտեցումներին եւ սկզբունքներին՝ «Վիվա-ՄՏՍ»-ի օրինակով: Դասախոսության ընթացքում «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը նաեւ անդրադարձել է մարքեթինգային ճկուն քաղաքականություն ունենալու կարեւորությանն ու նորարարությանը տեխնոլոգիաների ու կորպորատիվ կառավարման ոլորտներում: ««Վիվա-ՄՏՍ»-ը մեծ ուշադրություն է դարձնում առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն կարող է գտնել իր բյուջեին, պահանջներին, նախասիրություններին համապատասխանող սակագնային պլան կամ փաթեթ, որում կարող է համադրել ձայնային ու ինտերնետային այս կամ այն ծառայությունը, բազմապիսի հավելվածները: Սա գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ինչն ակնհայտ է դառնում բաժանորդի գոհունակության գնահատմանն ուղղված հետազոտությունների արդյունքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը նաեւ անդրադարձել է «Վիվա-ՄՏՍ»-ի գործունեությունը՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հաջողված փորձն ու ձեռքբերումները:

«Մենք գնահատեցինք հնարավորություններն ու ռիսկերը եւ բռնեցինք թվային փոխակերպման ճանապարհը: «Վիվա-ՄՏՍ»-ը հետզհետե վերածվում է տեխնոլոգիական` ՏՀՏ ընկերության: Համաշխարհային միտումներին համահունչ՝ բջջային օպերատորը շարժվում է թվակերպման ուղղությամբ: Թվային փոխակերպումն այլեւս անդառնալի գործընթաց է այն բանից հետո, երբ ընկերությունն ընտրություն կատարեց հօգուտ «smart pipe» (խելացի խողովակ), այլ ոչ «dumb pipe» (կույր խողովակ) հայեցակարգի»:

Բանախոսը ներկայացրել է առաջնորդության եւ մենեջմենթի կարեւոր սկզբունքները, որոնցով, ըստ Յիրիկյանի, պետք է առաջնորդվի ժամանակակից գործարարը: «Կառավարիչը պետք է ունենա առաջնորդի հատկանիշներ, սակայն կորպորատիվ միջավայրում առաջնորդության իրագործումը պետք է իրականացվի կանոնակարգերի, ընթակակարգերի, ընդունված նորմերի՝ օրենքների շրջանակներում: Միեւնույն ժամանակ մենեջերի կամ կառավարչի հաստիքի լինելը չի նշանակում, որ մարդը պարտադիր պետք է ղեկավարի մեծ թվով մարդկանց: Մենեջեր է նաեւ նա, ով գործընթացներ է ղեկավարում, կրիտիկական ենթակառուցվածքի աշխատանք է ղեկավարում, թիմ է ղեկավարում, շահառուների հետ հարաբերություն է համակարգում ու կառավարում»,- ասել է Յիրիկյանը:

Սկսնակ գործարարներին ու մասնագետներին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է խուսափել կոմֆորտի գոտում մնալուց, երբեք չխորշել «սեւագործ» աշխատանքից, չվախենալ սխալվելուց, կայացման համար ընտրել անկայուն իրավիճակներ ու միջավայրեր, չարչարվել, մտածել եւ խնդիրների լուծման ոչ ստանդարտ լուծումներ գտնել: «Պետք է կառավարել՝ օրինակ ծառայելով: Առաջնորդ դառնալու առաջին քայլերից է աշխատավայրում նախաձեռնող լինելը»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը: Դասախոսության վերջում «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը պատասխանել է ուսանողների հարցերին:

 




Լրահոս