Երգչուհի, դերասանուհի Դալիթա Ավանեսյանը ArmLur.am-ի հետ զրուցել է «Հատուկ դասարան» բազմասերիանոց նոր նախագծում նկարահանվելու առաջարկի եւ հանդիսատեսի արձագանքի մասին:
Նշենք, որ «Հատուկ դասարան» բազմասերիանոց նախագիծն արդեն մեկ շաբաթ է, ինչ հեռուստաէկրաններին է:
«Իրականում հրավիրվեցի մասնակցելու քասթինգին, փորձեցի Մերիի կերպարը, եւ, ի ուրախություն ինձ, ստացվեց կերպարն ինձ մոտ: Նախագծում ամենից շատ ինձ գրավեց սցենարը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ միջավայրն ու թիմը: Նկարահանումներն անցնում են հոյակապ, շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ այսպիսի հաճելի եւ լավ թիմում»,-ասաց նա:
Անդրադառնալով կերպարին՝ Դալիթան նշեց, որ շատ է հավանում իր կերպարը, չնայած այն որեւէ առնչություն չունի իրական Դալիթայի հետ. «Գլխավոր կերպարներից է, ով այդ հատուկ դասարանի միակ աղջիկն է։ Նա, ինչպես հատուկ դասարանի մյուս աշակերտները, ունի խնդիր օրենքի հետ, որի պատճառով էլ հայտնվել է այդ դպրոցում։ Ունի ընտանեկան խնդիրներ. հայրը շատ խիստ է, ճնշում է նրան, ու դրա համար էլ փախել էր տանից իր փոքր քրոջ հետ, որի պատճառով էլ մեղադրվել էր անչափահասի առեւանգման մեջ»։
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն հասցրել է ստանալ բազմաթիվ լավ արձագանքներ:
«Ստանում եմ լիքը նամակներ, որտեղ գրում են, որ իրենք էլ ունեն նույն խնդիրներն ու ապրումները, ինչ իմ կերպարը։ Ստանում եմ նաեւ լիքը անհատապես պատրաստված վիդեոներ (էդիթներ)՝ վերցված սերիալի հատվածներից։ Շնորհակալ եմ բոլորին նման դրական էմոցիաների համար, ափսոս չեմ հասցնում բոլորին անհատապես պատասխանել, բայց տեսնում ու գնահատում եմ իրենց ջերմությունը»,-հավելեց Դալիթան:
Նշենք, որ սերիալի դերասանական կազմում են Նելլի Խերանյանը, Անի Պետրոսյանը, Վիլեն Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Տիգրան Ներսիսյանը, Սուրեն Թումասյանը, Դալիթան եւ ուրիշներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանն ասել էր. ««Սովորական մի դպրոցում ունենք «Հատուկ դասարան», որը հատուկ բացվել է դպրոցում «պրոբլեմատիկ» դեռահասների համար՝ նրանց երկրորդ հնարավորությունը տալու: Այդ դեռահասաներից յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրը, դրամատիկ գիծը, խնդիրներ ծնողների, հասարակության հետ, սոցիալական ծանրաբեռնվածությունն ու կարգավիճակը, եւ այս ամենի հետ մեկտեղ նրանք բախվում են նաեւ դպրոցի ներսում խտրականության, ենթարկվում ճնշումների: Տարբեր աշխարհների աշակերտների համար դառնում է պայքար ոչ միայն կյանքում, այլ նաեւ դպրոցի տարածքում, որտեղ երեխաները գոյության պայքար են մղում: Հնարավոր է՝ շատ բարդ եմ ներկայացում, բայց իրականում այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում երիտասարդների հետ»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՉԵՂԱՐԿՎԵԼ Է
Կուբայի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան չեղարկել է երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը, որը գործում էր 60 տարի. հաղորդում է ESPN-ը։ Ազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել Golden Ring պրոմոութերական ընկերության հետ եւ թույլ կտա Տոկիոյի կուբացի օլիմպիական չեմպիոններ Խուլիո Սեսար լա Կրուսին, Առլեն Լոպեսին, Ռոնիել Իգլեսիասին եւ Էնդի Կրուսին մասնակցել մայիսի 20-ին Մեքսիկայում անցկացվելիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին։ Կուբայում պրոֆեսիոնալ բռնցքամարտն արգելվել էր 1962 թվականին, երբ երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն այն որակել էր «կոռումպացված եւ այլասերող»։
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Կիլիան Մբապեն փարիզյան ՊՍԺ-ից կտեղափոխվի Արքայական ակումբ։ «Հաճախ եմ ասում, որ կցանկանայի Մբապեի հետ խաղալ նույն ակումբում։ Ես հավանում եմ նրա հետ խաղալը հավաքականում։ Կցանկանայի նաեւ ակումբային մակարդակում կրկնել դա։ Կարծում եմ՝ Մբապեի հետ 2-3 անգամ շատ գոլ կխփենք «Ռեալում»։ Մբապեն լավ է հասկանում իր դերը հավաքականում, քանի որ երկուսս էլ գիտենք, թե ինչ պետք է անել եւ չխանգարել իրար։ Օրինակ՝ երկուսս էլ սիրում ենք գրոհի ձախ թեւում լինել, բայց երբեք միաժամանակ չենք լինում այդ դիրքում»,- ասել է Բենզեման: Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նա կտեղափոխվի «Ռեալ»։
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ի փոփոխություն «Ֆլորես» Աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, «Իրատես» թերթի 21-23.02.2017թ. թիվ 13 (760) համարում տպագրված «Հրապարակային ծանուցման»՝ տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երեւան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) ««Ֆլորես» Աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «Ամերիաբանկ» ՓԲԸ -ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող ստորեւ նշված լոտերի աճուրդային փուլերը շարունակվելու են 11.04.2022թ.-ին՝ ժ.12:00-ին, հոլանդական եղանակով, այնուհետեւ յուրաքանչյուր աշխատանքային օր նույն վայրում նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2022թ.:
– ք. Իջեւան, Ս. Օհանյան փողոց 66/1 հասցեում գտնվող 514.0 ք.մ. մակերեսով բնակարան եւ 0.0289 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31400000 ՀՀ դրամ:
– ք. Իջեւան, Ս. Օհանյան փողոց 66/4 հասցեում գտնվող 643.9 ք.մ. մակերեսով արտադրամաս եւ 0.0362 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12700000 ՀՀ դրամ:
– ք. Իջեւան, Բլբուլյան փողոց, 75 շենք, թիվ 60 հասցեում գտնվող 37.92 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածք: Լոտի մեկնարկային գինը` 7500000 ՀՀ դրամ:
Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք:
«Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ: