«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում հայտնվելու համար իշխող կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ներսում թեժ քննարկումներն ու քչփչոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ էր գրել, որ բաղձալի վարչության 15-յակում (վարչության կազմը 21-ից 15 է դառնալու) համար «պայքար են մղում» բոլորը՝ հին ու նոր ՔՊ-ականները։ ՔՊ վարչության այժմյան անդամներից, օրինակ, Արման Բոշյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, չի ցանկանում ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։ «Ինչպես պատգամավորի մանդատից հրաժարվեց, այնպես էլ ՔՊ վարչությունն է ցանկանում լքել, գլուխը հանգիստ ապրել։ Վարչության կազմում չի լինի նաեւ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, որ 44-օրյա պատերազմից հետո այլ երկիր էր տեղափոխվել ու խզել կապերն անգամ ամենամտերիմ թիմակիցների հետ։ Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, հետեւաբար այստեղ կուսակցական գործունեություն ծավալել չի կարող: ՔՊ-ականները վարչության կազմում եւս մեկ անգամ տեսնել չեն ուզում՝ Արսեն Թորոսյանին, Լենա Նազարյանի ամուսնու՝ Նարեկ Բաբայանի գլխին նույնպես մութ ամպեր են կուտակված»,- նշեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը։ Իշխող կուսակցության վարչությունում, ըստ մեր տեղեկություննների, իրենց տեղն անսասան կպահպանեն Փաշինյանի ասածները երբեք ու որեւէ կոնտեքստում կասկածի տակ չդնողները՝ Արփի Դավոյանը, Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Հակոբ Սիմիդյանը։
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող նախագծերի թվում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը: Այս փոփոխություններով կավելանան հաստիքներ եւ աշխատավարձեր: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համատեքստում ներկայիս հետաքննության որոշ մարմինների հաստիքների կրճատման արդյունքում նույն քանակով հաստիքներ կավելանան ՀՀ քննչական կոմիտեում՝ ապահովելու նույն ծավալի գործերի պատշաճ քննությունը: Այս տեսանկյունից լրացուցիչ հատկացման անհրաժեշտություն կառաջանա քննիչի եւ հետաքննության մարմնի աշխատակցի (հետաքննություն իրականացնող անձի) աշխատավարձի տարբերության մասով (օրինակ՝ ՀՀ ոստիկանության հետաքննիչի աշխատավարձը կազմում է մոտավորապես 296.000 ՀՀ դրամ, իսկ սկսնակ քննիչի աշխատավարձը՝ մոտ 341.000 ՀՀ դրամ):
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քննության առարկա դարձնել նաեւ առանձնատունը պատշաճ գնելու գործընթացը, ինչը ենթադրում է, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, որը հասարակությանը հայտնի դարձավ «Գոլդեն Փելիս» գերթանկարժեք հյուրանոցը գնելով: Ինչպես հայտնի է, գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2.452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս կվճարի։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել: Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ծնվածների թիվը պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին ծնվածների թիվը կազմել է 5294, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 5533, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 5344: Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 81-ից հասնելով 58-ի: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 740, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 161-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին՝ 2471, 2021-ի հունվար, փետրվարին՝ 2870, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2625: