Մակրոնը կփորձի համոզել Լե Պենի աջակիցներին քվեարկել իր օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է համոզել նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենի օգտին քվեարկած համաքաղաքացիներին ընտրությունների հաջորդ փուլում քվեարկել իր օգտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես ցանկանում եմ համոզել մեր այն համաքաղաքացիներին, որոնք քվեարկել են «Ազգային ճակատի» օգտին և չեն աջակցել ինձ»,-նշել է գործող նախագահը:

Նա տեղեկացրել է, որ ծրագրում է առաջիկա օրերին զրուցել բոլոր թեկնածուների հետ: Մակրոնը հստակեցրել է՝ դա բանակցություն չի լինի:

Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝ Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը: Ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին:




Լրահոս