Մարտի 26-ի առավոտյան լրագրողները մեկնեցին Եգիպտոս՝ տեղում ծանոթանալու այնտեղ գործող հանգստավայրերի առաջարկներին: Կարմիր ծովի հմայքին, եգիպտական տեսարժան վայրերին, ուրախ ժամանցին եւ այլ առանձնահատկությունների հնարավորություն ունեցանք ծանոթանալ՝ հանգրվանելով Հուրգադայի Sunrise Crystal Bay հյուրանոցում, որը հանդիսանում է Եգիպտոսում լավագույն հյուրանոցային ցանցերից մեկը։
Իսկ այժմ դեպի Եգիպտոս ուղևորության եւ հնարավորությունների մասին՝ առավել մանրամասն: 7-օրյա մեդիա տուրի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք շրջել մի քանի հյուրանոցներով, տեղում ծանոթանալ առաջարկվող պայմաններին, համտեսել բազմազան սնունդ, օգտվել ծովային ու ժամանցային առաջարկներից, վայելել Կարմիր ծովի հմայքը զբոսանավով, կվադրոցիկլներ վարել եւ ուղտ նստել անապատում, այցելել պատմական Լուքսոր քաղաք եւ, իհարկե, առևտուր անել այն դեպքում, երբ անգամ որևէ փոքր իր գնելը կարող էր ժամեր տեւել, քանի որ պետք է տիրապետես սակարկելու նուրբ արվեստին. հայերը թերեւս դրա վարպետն են:
Թռիչքի մասին
Լրագրողները դեպի Հուրգադա ուղևորվեցին Aircompany Armenia ընկերության ինքնաթիռով, որն իրականացնում է կանոնավոր չվերթեր: Թռիչքի տևողությունը կարող է տատանվել 2 ժամ 30 րոպեից մինչև 3 ժամ 30 րոպե:
Զբոսավարն ու հումորը
Լրագրողների պատվիրակությանն ուղեկցում եւ ամեն ինչ ներկայացնում էր եգիպտացի զբոսավար Խայսումը. նա սիրում էր, երբ իր անունը ճիշտ էր արտասանվում: Համակրելի արտաքինով, սակայն դեռևս չամուսնացած երիտասարդը կարողանում էր իր հումորով եւ հետաքրքրաշարժ պատմություններով գրավել լրագրողների ուշադրությունը: Իսկ մեր հարցերն ու նրա հարցերը մեզ բազմաթիվ էին՝ ընտանեկան ավանդույթներից մինչ եգիպտական եւ հայկական պատմական փաստեր:
Եգիպտական սպասարկումը
Թերեւս շատ զբոսաշրջային վայրերում, այդ թվում՝ Հայաստանում սպասարկում իրականացնողները եգիպտացիներից սովորելու շատ բան ունեն: Նրանք ամեն ինչ անում են հյուրերին գոհացնելու համար՝ սկսած հյուրասիրությունից, կանանց հաճոյախոսություններ շռայլելուց եւ այդ ամենը գեղեցիկ ժպիտով ու Welcome home ավանդական արտահայտությամբ: Սպասարկող անձնակազմն աշխատում է 24 ժամ գոհացնել յուրաքանչյուր հյուրի, ապահովում է մաքրություն, հարմարավետություն, որպեսզի հանգիստը լիարժեք լինի: Որպես կանոն՝ Եգիպտոսի հանգստավայրերի սպասարկող անձնակազմում կանանց չեք տեսնի, մենեջերները կամ ադմինիստրատորները սլավոնական արտաքին ունեցող կանայք են: Եգիպտոսում գործում է one dollar-ի կախարդանքը: Հյուրանոցի սենյակում, մեկ դոլար թողնելով, ժամեր անց կարող ես տեսնել էլ ավելի իդեալական սպասարկում եւ փոքրիկ անակնկալ հենց անկողնու վրա:
Սակարկելու նուրբ արվեստը
Հենց հյուրանոցների կողքին, փողոցի տարբեր հատվածներում կարող եք հանդիպել բազում խանութներ, որտեղից կարող եք հուշանվերներ ձեռք բերել: Հայտնի Senzo mall-ը մեզ Cristal Bay resort-ից այնքան էլ հեռու չէ: Հուրգադա եւ Լուքսոր քաղաքներում եւս գնումներ կատարելու համար նախատեսված վայրերը բազմաթիվ են՝ տարբեր տեսականիներով: Գլխավորը, սակայն, սակարկելու նուրբ արվեստին տիրապետելն է, որը հաճախ տևում է ժամեր և ավարտվում բազմաթիվ գնումներ կատարելով: Եվ չնայած հենց եգիպտացիներն են սիրում սակարկել, հաճախ էլ դժգոհում են, թե հայերն ամեն ինչ մատչելի են ցանկանում ձեռք բերել: Իսկ խանութներում կարող եք գտնել ամեն ինչ՝ եգիպտական անուշեղենից մինչև հուշանվերներ, կոսմետիկ և բուժիչ յուղեր: Բոլոր վաճառողները սիրալիր են եւ պատրաստ են ժամերով սպասարկել ու ներկայացնել տեսականին:
Լեզուների մասին
Հուրգադայում վստահաբար խնդիրներ չեք ունենալու հաղորդակցվելու առումով: Կհանդիպենք ե՛ւ անգլերեն, եւ՛ ռուսերեն խոսողների, իսկ նրանց խոսելաձևը հնարավորություն է տալիս հասկանալու անգամ այդ լեզվին քիչ տիրապետելու դեպքում:
Այց Սաֆարի
Թերեւս էքստրիմի մեծ չափաբաժին կորցրած կլինեք, եթե այցելեք Հուրգադա եւ չայցելեք Սաֆարի: Կվադրոցիկլերով Սաֆարի տուրը էքստրիմի մեծ չափաբաժին է ապահովում և իրականացվում է անապատում, որտեղ այսօր էլ բնակվում են բեդուինները: Տուրի վերջում մասնակիցներին սպասվում է թեյի հյուրասիրություն բեդուինների մոտ, հնարավորություն եք ունենում ուղտ նստել, ծանոթանալ բեդուինների ապրելակերպին եւ առօրյային:
Քաղաքի մասին
Հուրգադան Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող երրորդ խոշոր բնակավայրն է: Հուրգադայում արևադարձային կլիմա է: Ամռանը երբեք տեղումներ չեն նկատվում, իսկ ձմռանը տեղումների քանակը կազմում է 5 մմ։ Հուրգադայի ամառը չափազանց շոգ է, լողափային սեզոնը տևում է 8 ամիս։ 2006 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում է 86 791 մարդ: Սակայն բնակչությունն այնքան էլ ապահովված չէ, իսկ հյուրանոցների աշխատակիցները, ինչպես նշեցինք, օտարերկրացիներ են, արաբ կանայք աշխատում են միայն դպրոցներում, հիվանդանոցներում:
Անվտանգության մասին
Եգիպտոս առաջին անգամ այցելողները մտավախություն են ունենում վաղուց արմատացած այն կարծրատիպի հետ կապված, թե այնտեղ կանանց առևանգում են, ուղտեր առաջարկում եւ պետք է զգուշանալ: Իսկ ինչպես է իրականում. իհարկե լրագրող կանանց ուղտ առաջարկողներ եղան, սակայն ոչ ոքի չեն առևանգել: Ոչ թե վտանգավոր է Եգիպտոսում, այլ պարզապես մշտապես գտնվում ես տղամարդկանց ուշադրության կենտրոնում, հատկապես արաբ վաճառականները սիրում են ժամերով զրուցել գեղեցիկ աղջիկների հետ, առաջարկություններ անել: Քեզ ժամերով բաց չեն թողնի, երբ իմանան, որ քեզ ուղեկցող երիտասարդներից եւ ոչ մեկը ամուսինդ չէ:
Լուքսորի հմայքը
Իհարկե, լրագրողական մեծ կազմից յուրաքանչյուրը այս տուրից իր հիշողությունները կունենա, սակայն այցելել Եգիպտոս եւ չլինել Լուքսորում մեծ սխալ կլիներ: Լուքսորը հին եգիպտական տաճար-համալիր է, գտնվում է Նեղոս գետի արևելյան ափին: Լուքսոր համալիրը բաղկացած է վեց մեծ տաճարներից, չորսը՝ ձախ ափին, ճանապարհորդներին և ընթերցողներին որպես Գումահ, Դեյր-ել-Բահրի, Ռեյմեսում, և Մեդինետ Հաբու, և երկու տաճար աջ կողմում՝ հայտնի որպես Կարնակ և Լուքսոր:
Լուքսորը, սովորաբար կոչվում է աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարան:
Այն նաեւ բնակվում է Կարնաքի տաճարի համալիրում, որը ծառայում էր որպես աստվածապաշտության հիմնական վայր Թեբանների համար: Եվ չնայած այնտեղ հասնելու համար մոտ չորս ժամ պահանջվեց, սակայն այն ինչ տեսնում եք, փոխհատուցում է այդ ժամանակը:
Ժամանցը
Հյուրանոցի հենց ներսում ժամանցը կազմակերպելու համար տարբերակները բազմաթիվ էին: Ամենօրյա կենդանի երաժշտությունն ունկնդրելուց հետո կազմակերպվում էր դիսկոտեկ, իսկ ընթրիքներն էլ ամբողջացնում էին հատուկ լրագրողների համար նախատեսված ներկայացումները:
Հայաստանյան հանգստի վայրերի առաջարկած գնային տարբերակներն ու հնարավորություններն ուսումնասիրելուց եւ Եգիպտոս մեկնելուց հետո համոզվում ես, որ կարող ես ցանկացած գումարով հանգիստ կազմակերպել Կարմիր ծովի ափին՝ ընտրելով Sunrise հյուրանոցների ցանցից որևէ մեկին, որը վստահաբար կգոհացնի ցանկացած զբոսաշրջիկի:
Նաիրա Հովհաննիսյան
Հուրգադա