Այսօր՝ ապրիլի 12-ին, մեկնարկող խորհրդարանական հերթական քառօրյայի օրակարգում է ներառված նաև «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Փոփոխությունը պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու ըստ հաշմանդամության կարգի՝ քաղաքացիներին պետաջակցություն տալու ընթացակարգն առավել պարզեցնելուն է միտված։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ սա այն քիչ նախագծերից է, որը դրականորեն է ընկալվում ու ընդունվում Ազգային ժողովի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ֆրակցիաների կողմից։
Ավելին՝ կոնկրետ մի դրույթի մասով խորհրդարանական խմբակցությունները ցանկանում եմ միասնական աշխատանքով այնպես անել, որ լիազոր մարմինը՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, մինչև փաթեթի՝ ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունումը, փոփոխութուն կատարի։ Խոսքը պատերազմի ժամանակ հաշմանդություն ձեռք բերած անձանց մասին է, որոնք կենսաթոշակային տարիքը լրանալուն պես պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից, կա՛մ սովաորական ձևով՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունից կենսաթոշակ ստանան։
Բայց թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներն առաջարկում են, որ կառավարությունը վերանայի այս դրույթն ու քաղաքացուն թոշակ տրամադրի ըստ անհատական պատմության։ Ավելի պարզ ասած՝ զինվորականներ կան, որոնք ունեն, ենթադրենք, 20 տարվա աշխատանքային ստաժ ու պատերազմի ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել։ Կամ՝ սովորական քաղաքացիներ կան, որ, օրինակ, մասնավոր ոլորտում աշխատում են 8 տարի, բայց կռվի ժամանակ կամավորագրվել են, վիրավորվել ու հաշմանդամություն ձեռք բերել։ Կառավարությունն այժմ ասում է, որ թե՛ 20 տարվա զինվորականը, թե՛ մասնավոր հատվածում աշխատած քաղաքացին պետք է որոշեն, թե ո՞ր կառույցից են նախընտրում թոշակ ստանալ։
Այսպես ասած՝ երկու տեղից միաժամանակ թոշակ ստանալ չեն կարող։ Պատգամավորները հենց այս դրույթն են ցանկանում փոխել, որ պետությունը, ուսումնասիրելով բոլորի անհատական պատմությունը, որոշի՝ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձանց դրա համար առանձին թոշակ տրամադրի, մարդուն իր աշխատածի ու ըստ ձեռք բերած ստաժի՝ առանձին վճարի կամ այլ կերպ ասած՝ «կամ-կամ» մոդելը փոխարինի «և-և»-ով։
Սևակ Վարդումյան