Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև շփումները: Այս մասին գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը», – երեկոյան գրել է Կլաարը:
Միևնույն ժամանակ ուշագրավ էին Մինսկի խմբի անդամ հանդիսացող ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի խոսքերը, ով հանդիպեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Արտգործնախարարությունից հայտնել էին, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
«Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը», – հաղորդում է ԱԳՆ-ն:
Աանվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահ Ռոքֆոյը ևս, ըստ ԱԽ գրասենյակի, շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Հայաստանի և Արցախի շուրջ կրկին ակտիվացումներ են նկատվում, իսկ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը երեկ էլ խոսել է Ադրբեջանի ԱԳ Ջեյհուն Բայրամովի հետ։
Ն.Հ.