Ռուսաստանի դեպի 11 օդանավակայաններ երկարաձգվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն մինչև այս տարվա ապրիլի 19-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։

Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղեւորափոխադրումներ իրականացնել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։

Ըստ «Ռոսավիացիա»-ի՝ Ռուսաստանի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, գործում են կանոնավոր։

Օդանավակայանների և ավիաընկերությունների չվացուցակների վերաբերյալ բոլոր փոփոխությունները հնարավոր է հստակեցնել օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում։ Նշենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար:

Ս.Հ.




Լրահոս