Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացնելիս համագործակցել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, թմրանյութ, հոգեմետ դեղեր պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում հայտնաբերվել ու բաժին բերման են ենթարկվել 3 տղամարդ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Զուգահեռաբար՝ Այվազովսկու փողոցից բերման են ենթարկվել ևս 2 տղամարդ։ Անձնական խուզարկություններով և զննություններով հայտնաբերվել են «Լիրիկա» գրառմամբ 12 հաբ ու կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։
Պարզվել է, որ բերման ենթարկված տղամարդկանցից մեկը, ծանոթի միջոցով, հաբերը 20 հազար դրամով գնել էր մի անծանոթից։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները, քրեական հետախույզներին հաջողվեց պարզել վաճառողի ինքնությունը։ Նույն օրը Գավառի բնակիչ, 53-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն: Պարզվեց նաև, որ նա փետրվար-մարտ ամիսներին պրեգաբալին և լիրիկա տեսակի հոգեմետ հաբեր էր իրացրել տարբեր անձանց։ Նույն օրը 53-ամյա տղամարդն իր բնակարանից իրավապահներին ներկայացրեց պրեգաբալին տեսակի հոգեմետ 2 հաբ:
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։