«ՆԻԿՈԼՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ». ԷԴ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն համոզմանն է, որ քանի դեռ Փաշինյանն իշխանության է, նշանակում է՝ ընդդիմության պայքարը չի հաջողել: «Նիկոլն ու Հայաստանը տարբեր բաներ են»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է նա:

-Պարո՛ն Շարմազանով, ընդդիմությունը նորից հանրահավաք էր կազմակերպել: Հասարակությունը արդարացի հարց է տալիս, թե այս անգամ ինչ օրակարգով են եւ ինչ են խոստանում մարդկանց, ինչ բովանդակային եւ իրապես նոր գործողություններ, որ իշխանությունը զգաստանա:
-Հասարակությունը, իհարկե, իրավունք ունի հարցեր տա եւ իր դժգոհությունն արտահայտի, քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը չի հեռացվել իշխանություններից: Հասարակության ակնկալիքները նախեւառաջ պետք է լինեին ընդդիմության հատվածից, եւ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քանի դեռ այս իշխանությունը մեր պետության կառավարման ղեկին է, նշանակում է՝ մեր՝ բոլորիս պայքարը չի հաջողվել: Բայց այլընտրանքը ո՞րն է, ոչինչը չանե՞լը: Հիմա մենք ունենք մի քանի գլխավոր խնդիր. օրակարգային թիվ մեկ խնդիրը պարզ է՝ շարունակում է մնալ այս կապիտուլյացիոն ռեժիմի հեռացումը, բայց միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգային սպառնալիքներն ավելանում են, ընտրություններից հետո այս կապիտուլյանտ ռեժիմը գնում է միակողմանի զիջումների ճանապարհով ե՛ւ հայ-թուրքական, ե՛ւ հայ-ադրբեջանական ճակատներում, եւ փաստացի հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հինգ պահանջները կատարելու պատրաստակամության մասին, ըննդիմության հանրահավաքի խնդիրներից մեկն այն է՝ ցույց տալ այս հասարակությանը, իշխանությանը, մեր դաշնակցին եւ մեր միջազգային գործընկերներին, որ Արցախը հանձնելը, վերջինիցս ձեռքերը լվանալը եւ հայկական ազգային օրակարգից հրաժարվելը հայ ժողովրդի պահանջը չէ:
-Այսինքն՝ ուզում եք հասարակությանն ասել, որ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումները կապ չունեն հայ ժողովրդի հե՞տ:
-Նիկոլն ու Հայաստանը տարբեր հասկացություններ են: Նիկոլը Հայաստան չէ, Նիկոլի ու «Քաղաքացիական պայմանագրի» կամքը հայ ժողովրդինը չէ: Ես հեռու եմ այն կարծիքից, որ մեկ հանրահավաքով կարելի է բոլոր հարցերի պատասխանները տալ: Սա էլ նոր շարժման, քայլերի սկիզբ պետք է լինի: Այս առումով ոչինչ չանել, նստել եւ պասիվ բողոքել չի լինի: Ես պասիվ բողոքելու կողմնակից չեմ, ակտիվ պայքարի կողմնակից եմ, բայց միեւնույն ժամանակ առանց պատրանքների ապրելու, նորմալ կազմակերպված, համախմբված պայքարի կողմանկից եմ: Մեկ առիթով ասել եմ, ասեմ նորից, որ այսօր բոլոր պետականամետ ուժերի համախմբման խնդիր կա, բոլորի՝ առանց բացառության, եւ կարեւոր օրակարգային հարցեր՝ կուսակցական, անձնական շահ մի կողմ դնել, քո ես-ը խոնարհել է պետք հանուն համազգային «մենք»-ի:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հավաքական Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական պատերազմի սանձազերծման հետեւանքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաեւ նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար. այդ մասին «ԵԱՏՄ հնարավորությունները եւ հեռանկարները հավաքական Արեւմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով քննարկմանը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել եւ այժմ էլ դեմ է աշխարհում որեւէ պետության կամ դաշինքի հեգեմոնիային՝ գերիշխանությանը, սակայն արեւմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այդպիսի քաղաքական գիծ են այսօր որդեգրել, եւ արդյունքում ձեւավորվել է ներկա իրավիճակը:
«Ոչ միայն տնտեսական, այլեւ ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արեւմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած եւ գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական եւ տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի եւ մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաեւ ստեղծում է նոր հնարավորություններ», – նշեց Ռուսաստանի դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաեւ եվրասիական տարածության դաշնակից պետություններին, եւ Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաեւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ եւ միասին զարգանալ: «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները եւ նույնիսկ ավելի ուժեղանալ», – ընդգծեց դեսպանը:
Կոպիրկինը այս համատեքստում շատ խորհրդանշական է համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը եւ գործարկումը, ըստ էության, համընկել է Ռուսաստանի դեմ արեւմտյան առաջին պատժամիջոցների կիրառման հետ 2014 թվականին: Ավելի ուշ սկսվեց կորոնավիրուսի համավարակը իր բոլոր տնտեսական եւ այլ բնույթի բացասական ազդեցություններով, բայց չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց առերեսվեց ամբողջ աշխարհը, ասում է դեսպան Կոպիրկինը, ԵԱՏՄ-ն շարունակել է զարգանալ եւ ցույց է տվել միության արդյունավետությունը, նրա պահանջված լինելը եւ ցույց է տվել տնտեսական աճի ցուցանիշներ: Ըստ ռուս դիվանագետի՝ այդ երկու խոշոր նախագծերի միջեւ ինտեգրացիոն փոխգործակցության կարեւոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում՝ այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց:
Ն. Պ.

 

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 2-ը գտնվելով Վրաստանի Հանրապետության Թբիլիս քաղաքում, ձեռք է բերել պայթուցիկ նյութ հանդիսացող անծուխ վառոդի զանգվածներ, որոնք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Վ. Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, եւ գործը ուղարկվել է դատարան:

 

 

40 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվար ամսին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 40 հազար 36 քաղաքացի: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 38 հազար 548 ռուս: Իսկ եթե մարտ ամսվա տվյալները հրապարակվեն, ապա այս պատկերն այլ կլինի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով Ռուսաստանի, նաեւ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Նշենք, որ փետրվարին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 1597 քաղաքացի, դուրս եկել 1603 ուկրաինացի: Արձանագրենք, որ, նախորդ տարիների համեմատ, Հնդկաստանից Հայաստան ժամանող հնդիկների թիվն է զգալի պակասել: Այս տարվա փետրվարին ՀՀ ժամանել է 998, դուրս է եկել 917 հնդիկ, մինչդեռ 2019-ին Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկն էր համարվում: Հնդիկները մեր երկրում աշխատանք գտնում էին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄՆԱԼ
Հայստանում շաքարավազի գինը շարունակում է բարձր մնալ: Շաքարավազի մեկ կիլոգրամը 440-460 դրամով է վաճառվում, իսկ փաթեթավորված շաքարավազի մեկ կիլոգրամը 530 դրամ է, բայց կան նաեւ ընկերություններ, որոնց փաթեթավորված շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը սկսում է 700 դրամից եւ հասնում է մինչեւ ավելի քան 1000 դրամ: Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն շաքարավազի շուկայում մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրել է շաքարի եւ շաքարավազի 24.7, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 7.9 գնաճ:




Լրահոս