ՓԻԼՈՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, որն այժմ կալանավորված է, 2019 թվականին բնակարան է նվեր ստացել: ArmLur.am-ը ուսումնասիրել է Անդրանիկ Փիլոյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը:

 

Սկսենք 2018 թվականի տարեկան հայտարարագրից, երբ նա 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր: Այսպես, 2018 թվականի վերջին նա 4 մլն 200 հազար դրամով վաճառել է Toyota Land Cruser մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում հանձնած փոխառությունը կազմել է 11 հազար 500 դոլար: Դրամական միջոցները 2018-ի վերջին կազմել են 200 հազար դրամ եւ 11 հազար 500 դոլար: 2018-ին Փիլոյանը ամսական ստացել է 492 հազար դրամ: Մեկ տարի անց՝ 2019-ին, Փիլոյանը բնակարան (Արաբկիր վարչական շրջանում) է նվեր ստացել: Գործարքի մյուս կողմը Հայաստանի պաշտպանության նախարարությունն է, ձեռք բերված անշարժ գույքի գինը կազմել է 2 մլն 170 հազար դրամ: Ենթադրվում է, որ Փիլոյանը այդ բնակարանը ստացել է զինվորականների համար նախատեսված բնակարանային ձեռքբերման ծրագրից:

Պարզվում է՝ 2019 թվականը Փիլոյանի համար ձեռքբերման տարի է եղել. նա այդ տարում 650 հազար դրամով գնել է 2009 թվականի արտադրության Nissan Tida մակնիշի ավտոմեքենա: Թե ինչպես է Փիլոյանը հաջողացրել այդ գնով ձեռք բերել մեքենա, հայտնի չէ: Ունեցած փոխառությունը տարեվերջին կազմել է 10 հազար դոլար, իսկ բանկային հաշվին առկա է եղել 200 հազար դրամ: Կանխիկ դրամը կազմել է 150 հազար դրամ: Փիլոյանը 2019-ին ամսական ստացել է 578 հազար դրամ աշխատավարձ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փիլոյանը 2020 թվականին հայտարարագրել է, որ ունի մեկ հողամաս եւ մեկ բնակարան: Նույն տարում նրա ունեցած ավանդը կազմել է 11 հազար 983 դոլար եւ 2 մլն դրամ: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 100 հազար դրամ, կանխիկ դրամը՝ 130 հազար դրամ: 2020-ին եկամուտը գոյացել է երկու վայրից ստացած աշխատավարձից՝ ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից, որն ընդհանուր կազմել է 10 մլն 773 հազար դրամ, ամսական՝ 897 հազար դրամ:

Փիլոյանի կնոջ՝ Մետաքսյա Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ տարեվերջին ավանդները կազմել են 25 հազար 424 դոլար եւ 1552 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 85 հազար դրամ: Փիլոյանի դուստրը՝ Տաթեւիկ Փիլոյանը, հայտարարագրել է 300 հազար դրամ ստացած աշխատավարձը, բացի այս, նա 2020-ին ունեցել է 250 հազար դրամ գումար: Իսկ որդին՝ Տիգրան Փիլոյանը, 2019 թվականին ձեռք է բերել 2009 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա: Կրտսեր Փիլոյանի կանխիկ դրամը 2020 թվականին կազմել է 1 մլն դրամ, իսկ եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ընդհանուր կազմել է 1 մլն 100 հազար դրամ:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինը բացահայտել է, որ 2020 նոյեմբերի 20-ին նախկին նախարար Փիլոյանը բնակարան է ձեռք բերել, սակայն այն իր ներկայացրած հայտարարագրում չկա, ինչի մասով եւս կոմիտեում քննություն է կատարվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ՝ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ինչի մասին տեղեկացրել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Համապատասխան հաղորդագրորթյունում նշվում է, որ Բլինկենը, ի թիվս այլնի, քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները:

 

«Պետքարտուղարը խրախուսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները, այդ թվում՝ նախագահ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի վեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ծրագրված հանդիպումը: Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել՝ ներգրավվելով երկկողմանի եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դերի միջոցով՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինկենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար եւ նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Փաշինյանը եւ Բլինկենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարեւորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Ն. Հ.

 

 

 

ՆՈՐ ՓԱԹԵԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդն արտահերթ նիստում ընդունել Է միջոցների լրացուցիչ փաթեթ՝ նպատակաուղղված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցմանը: Այդ մասին հաղորդել Է ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

«(ԵԱՏՀ-ի) խորհուրդն ընդունել Է որոշում մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը 938 ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի զրոյացման մասին, ըստ որում՝ առանձին ապրանքների վերաբերյալ զրոյացման որոշում ԵԱՏՀ-ի կոլեգիան կընդունի մոտ ժամանակներս: Այդ միջոցները թույլ կտան ապահովել  (Եվրասիական տնտեսական) միության ներքին շուկայում ապրանքների անխափան մատակարարումները»,- հայտարարել Է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչովը, որի խոսքը բերվում Է հաղորդագրության մեջ:

Նրա տեղեկատվությամբ՝ զրոյացված ապրանքների գծով ներմուծման ծավալը գնահատվում Է տարեկան 31 միլիարդ դոլար, ներմուծողների խնայողությունը կես տարում կարող Է կազմել շուրջ 800 միլիոն դոլար ապրանքների ներկրման ծավալները 2021 թվականի մակարդակում պահպանվելու դեպքում: Բացի դրանից, 150 ապրանքների համար կշարունակի գործել սակագնային արտոնությունը, որն այդ ապրանքներն ազատում Է ներմուծման մաքսատուրքերից: Արտոնություն ստանալու համար կպահանջվի ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են ներկրվող արտադրանքի նպատակային նշանանակությունը. ճշտել Է Իլյիչովը: ԵԱՏՀ-ի խորհուրդը նաեւ որոշում Է ընդունել արտոնյալ ապրանքների համար մաքսային ստուգման ժամետի կրճատման մասին եւ պարզեցրել Է ներկրվող ապրանքների ծագման հավաստման ընթացակարգը դրանց ծագման երկրի որոշման ոչ արտոնյալ կանոնների շրջանակներում. նշված Է մամուլի տեղեկագրում:

ԵԱՏՄ-ի երկրները նաեւ համաձայնության են եկել պարզեցված ազգային կանոններով մեքենաների արտադության հնարավորության շուրջ: ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի գործողության համապատասխան բացառությունները կգործեն մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը. ասել են տնտեսական զարգացման նախարարությունում (հաղորդել Է ՏԱՍՍ-ը):

 

 




Լրահոս