Միանգամայն ակնհայտ է, որ Իսրայելը երկար տարիներ ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, որպեսզի չառաջացնի Թուրքիայի ցասումը. գրել է Իսրայել Չեռնին Jpost-ի իր հոդվածում։ Թուրքերը այս բոլոր տարիների ընթացքում պնդել են Հայոց ցեղասպանության փաստացի պատմության իրենց տարօրինակ ժխտումը, եւ ինչպես հայտնի է, միլիոնավոր դոլարներ են ծախսել գրաքննության եւ այն զեկույցների, հոդվածների, գրքերի, մասնագիտական համաժողովների, գեղարվեստական ցուցահանդեսների եւ անգամ երաժշտական միջոցառումների չեղարկման վրա, որոնք նպատակ են ունեցել ինչ-որ կերպ ցավ ու հոգածություն հայտնել Հայոց ցեղասպանության առիթով։
Թուրքիայում ցմահ բանտարկվելը հնարավոր է, բավական է հրապարակայնորեն բարձրացնել Հայոց ցեղասպանության թեման, չնայած որքան էլ տարօրինակ է, նաեւ մեծացել է համարձակ ինտելեկտուալների եւ արվեստագետների մի սերունդ, որին հաջողվել է փոխանցել հայ ժողովրդի կոտորածի հիշողությունն ու ողջ մնալ, որոնցից շատերը, սակայն, ստիպված են եղել անցնել կառավարությանը վիրավորելու վերաբերյալ ցավագին դատավարություններով։ Ակնհայտ է, որ թուրքերը շատ լուրջ են մոտեցել այս հարցին։ Կարելի է ասել, որ դա ուրիշի մոր հասցեին հայհոյանքի դեմ ամերիկյան թաբուի թուրքական վարկածն էր. այն ժամանակներում ծեր ու բարի ամերիկյան ծովային հետեւակին նման բան ասելը անվերապահորեն նշանակում էր ապտակ վաստակել, իսկ Թուրքիայում դուք կհայտնվեիք բանտում, եթե խոսեիք Ցեղասպանության մասին։ Այսպիսով, մեծ երկրները, ինչպիսին են Միացյալ Նահանգները եւ, ըստ իս, Իսրայելը, արժանի են, որպեսզի նրանց այսպես բնորոշեն. վախեցել են միջամտել Թուրքիայի համար զգայուն այս հարցին։ Times of Israel-ի հոդվածում Լազար Բերմանը նշել է. «Շատ երկրներ չեն ընդունել Ցեղասպանությունը՝ Թուրքիայի արձագանքից վախենալով, որը հաճախ կապվել է այն բանի հետ, որ նրանց դեսպանը հետ է կանչվել որոշակի ժամանակով։ Այսպիսին էր Անկարայի արձագանքը 2011թ., երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց օրենք, որն արգելում էր Հայոց ցեղասպանության ժխտումը։ Նա նաեւ հետ կանչեց Վատիկանի իր դեսպանին, երբ Ֆրանցիսկոս պապը օգտագործեց «ցեղասպանություն» բառը 2015թ. կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, եւ Գերմանիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Բունդեսթագը 2016թ. ընդունեց բանաձեւ, որում հայերի սպանություններն անվանվել էին ցեղասպանություն»։ Բարեբախտաբար, Բերմանը, այնուամենայնիվ, այն կարծիքին էր, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, որեւէ քայլ չի ձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, եւ դա հաստատվեց։ Իրականում անգամ նախկինում, երբ Թուրքիան անհամեմատ ավելի քիչ էր լարված տնտեսական եւ քաղաքական առումներով, քան այսօր, նրա բնութագրական modus operandi-ն այն էր, որպեսզի վիրավորանքների եւ սպառնալիքների (ներառյալ կոնկրետ հայտարարությունները հիմնական տնտեսական հարաբերությունների խզման մասին) ալիքով արձագանքի, որոշ դեպքերում թվում էր, թե նրանք փորձելու են իրականացնել իրենց սպառնալիքները, բայց հետո բավական հետեւողականորեն հրաժարվում էին պատասխան միջոցներից եւ վերականգնում գրեթե լիարժեք հարաբերությունները։ Իսրայելը երկիր է, որը հատկապես հպարտանում է այն բանով, որ չի վախենում եւ հպարտ ու ամուր դիմակայում է վիթխարի Սամսոնակերպ ախոյաններին։ Նվաստացուցիչ եւ տարօրինակ է այն, որ տարրական էթիկայի եւ փաստացի ճշմարտության հարցերում Իսրայելն այնքան հեզ էր, քծնող ու ստորաքարշ, որ չի կարողացել հասարակ պատիվ դրսեւորել զանգվածային ցեղասպանության հետեւանքով այլ ժողովրդի տառապանքների եւ ավերածությունների ընդունման հարցում։ Մի՞թե մենք՝ իսրայելցիներս, չենք կարող պատկերացնել, որ կարող ենք ասել Թուրքիային. «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում ձեզ՝ որպես կարեւոր երկրի, եւ երջանիկ ենք ձեզ հետ սերտ համագործակցելու համար, բայց մեր սեփական մշակույթը ենթադրում է հստակ պատասխանատվություն՝ իրեն նույնականացնելու մի ժողովրդի հետ, որի պատմական գրառումները, որոնք հաստատվել են ամբողջ աշխարհի գիտնականների ճնշող մեծամասնության կողմից, ցույց են տալիս, որ նա ենթարկվել է բնաջնջման։ Ճշմարտությունն այն է, որ դա համընդհանուր խնդիր է ամբողջ մարդկության համար, եւ, ինչպես ցույց տվեց Գերմանիան, կարելի է իր պատմության մեջ ճանաչել ցեղասպանությունը եւ շարունակել ավանդ ներդնել ավելի լավ կյանքի կառուցման համար ինչպես իր, այնպես էլ այլ ժողովուրդների համար»։
Ն. Պ.
ԱՆՁՐԵՎ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքում ապրիլի 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրեւ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին, 8-ի առավոտյան եւ ցերեկը, 9-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ՝ ՀՀ-ՈՒՄ
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, որը 11%-ով ավելին է 2021 եւ 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
Այս մասին նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Թեեւ այս տարվա առաջին երկու ամիսներին ընթանում էր նոր կորոնավիրուսի Օմիկրոն տեսակով պայմանավորված համավարակի 5-րդ ալիքը, այուամենայնիվ ԿՈՎԻԴ-19 մահվան դեպքերի թիվը նվազել է 5.1%-ով՝ կազմելով 465: Հիվանդության 5-րդ ալիքի ավելի թեթեւ ընթացքի մասին է վկայում նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ COVID-19-ով հարուցված թոքաբորբերի թվի կտրուկ՝ 3.1 անգամ նվազումը, ինչպես նաեւ չճշտված հարուցիչով թոքաբորբերի 24%-ով ավելի ցածր ցուցանիշները:
Այսպիսով, մտահոգիչ է համեմատաբար ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում սոցիալական մեծ կարեւորություն ունեցող հիվանդություններից մահացության ցուցանիշների զգալի աճը, որի պատճառագիտական ուսումնասիրությունն անհրաժեշտ պայման է հանրային առողջության ծրագրերի արդունավետության ապահովման համար: Մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերը ավելացել են 13.3%-ով, իսկ 2020 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ՝ 17%-ով: Շնչառական օրգանների հիվանդություններից մահերի աճը կազմել է 41% (2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33%): Վերոնշյալ միտումները կարող են պայմանավորված լինել ինչպես, այսպես կոչված, երկարատեւ կորոնավիրուսային հիվանդությամբ, որը հանդիպում է պացիենտների շուրջ 1/3 մոտ, այնպես էլ առողջապահության համակարգի եւ անհատների առողջության վրա COVID-19 համավարակի անուղղակի ազդեցությամբ: Այս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 3%-ով ավելացել են նաեւ մահերը նորագոյացություններից, ինչը կարող է փոխկապակցված լինել չարորակ նորագոյացությունների վաղ՝ I-II փուլում հայտնաբերման ցուցանիշը զգալի անկման հետ:
Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշների նկատմամբ մշտադիտարկումը, արձանագրված միտումների պատճառների արագ բացահայտումը եւ արձագանքումը առանցքային նշանակություն ունեն մահացության կրճատման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար: