Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երեկ պայմանավորվել են մինչեւ ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաեւ ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։
Այս մասին բանակցություններից հետո հայտարարեց Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ հարցերը, չի նշվում։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո դեռ որեւէ հարց չկա Արցախում ապրող ժողովրդի, նրանց ինքնորոշման մասին: Դուք ի՞նչ արձանագրումներ կարող եք անել:
-Կարծում եմ՝ որեւէ նոր բան չկա: Պետք էր արձանագրել բուն հանդիպումը հենց Եվրամիության հովանու ներքո, եւ արձանագրվեցին նույն կետերը: Իմ տպավորությունն այնպիսին էր, որ սա ավելի շատ Ադրբեջանի օրակարգն էր՝ խաղաղության պայմանագիր պատրաստելու կամ դելիմիտացիա սկսելու մասին: Ինչ-որ իմպուլս կարող է դրսեւորվել ռազմագերիների եւ անհայտ կորածների վերադարձնելու մասով, եւ միգուցե ընդհանուր հայտարարի եկել են, քանի որ այդ կետի շուրջ տարաձայնութուն կար:
-Բայց ինչի՞ դիմաց:
-Հենց խաղաղության պայմանագրի դիմաց: Հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն այնպիսին է, որ իրենք ամբողջն են ուզում եւ այլեւս չեն համաձայնում մաս-մաս: Երբ նայում ես խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացները եւ այն կետերը, որ ներկայացվել են, ապա Ադրբեջանը եզրակացնում է, որ խոսքը գնում է նաեւ Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին:
-Միգուցե դելիմիտացիայի եւ դեմարկացիայի տակ հենց դա՞ է մտնում:
-Դեմարկացիան ավելի շատ վերաբերում է բուն տարածքների ճշտման հարցին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ դեմարկացիան դա չէ, դա հենց տարածքների անքակտելիությունը ճանաչելու խնդիրն է: Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը գնում է կարծես թե երկկողմանի հանձնաժողով ստեղծելու մասին, այնինչ ՌԴ-ն պնդում էր եռակողմ հայտարարության մասին: Այստեղ երբ խոսվում է երկկողմանիի մասին, փորձ է արվում ՌԴ-ին դուրս հանել: Իսկ ընդհանուր առմամբ ենթադրվում էր, որ որեւէ փաստաթուղթ չէր ստորագրվելու, եւ ավելի կարեւոր էր բուն հանդիպումը, եւ պետք է լիներ որեւէ հայտարարություն, որը պետք է վերահաստատեր նախորդ հանդիպումների տրամաբանությունը, եւ այդպես էլ եղավ:
-Իսկ Մոսկվայում արտաքին գործերի նախարարների հանդիպման մասով ի՞նչ կարող եք ասել:
-Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, քանի որ վերահաստատվում են այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին նոյեմբերի 9-ից սկսած եւ հենց ՌԴ-ի միջնորդությամբ, ապա այնտեղ ավելի առարկայական խոսակցություն կգնա թե՛ ժամկետների եւ թե՛ որոշ սկզբունքների շուրջ: Հիմա էլ որեւէ ստրատեգիական բնույթի փաստաթուղթ չի ստորագրվի. ՌԴ-ին դա անհրաժեշտ չէ: Հստակեցումներ մտցնել ու հարցեր փակել այսօր ՌԴ-ին ձետք չի տալիս, եւ այդ առումով մեր բախտը բերում է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԱՐՎԱԾՆԵՐ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻՆ
Օլեսյա Զուտիկավային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 17:05-ին, «Ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ շտապօգնության միջոցով Երեւան քաղաքի Արղության փողոցի 24 շենքի թիվ 28 բնակարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան, որտեղ նույն բժշկական կենտրոնի ընդունարանի բժշկուհի Տաթեւիկ Ալեքսանդրի Տեր-Գաբրիելովայի կողմից վերջինիս ցույց է տրվել բուժօգնություն: Դրանից հետո Տ. Տեր-Գաբրիելովան Օլեսյա Զուտիկովային տեղեկացրել է, որ վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի եւ կարող է հեռանալ բժշկական կենտրոնից, սակայն Օլեսյա Զուտիկովան չի ցանկացել հեռանալ, պահանջել է ստացիոնար բուժում եւ այդ հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Տ. Տեր-Գաբրիելովայի հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, եւ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի հետեւանքով խոչընդոտել է Տ. Տեր-Գաբրիելովայի՝ որպես բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը:
ՓՈՂՈՑՈՒՄ ԵՐԳԵԼԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԻ
Երեւանում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգմամբ կզբաղվի Երեւան համայնքի ավագանին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է առաջարկում հանրային վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները վերապահել Երեւան քաղաքի ավագանուն: Արդյունքում կսահմանվի Երեւանում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը: Բանն այն է, որ անհատի կողմից հանրային վայրերում, բացօթյա տարածքներում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Այն կարող է անհարմարություն պատճառել Երեւանի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը: Ավելին, պարզվում է՝ այս խնդիրը չի կանոնակարգվում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՄԵՐԺՎԵՑԻՆ
Կառավարությունը չընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նոր մշակված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության վերաբերյալ, սակայն կառավարությունը դեմ արտահայտվեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալների, պատճառների, պայմանների եւ հետեւանքների, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի եւ 2022 թվականի փետրվարի 10-ից գործող Քննիչ հանձնաժողովի առարկան, նպատակն ու խնդիրներն ըստ էության նույնանում են: Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ նախագծով առաջարկվող ստեղծվելիք հանձնաժողովը, բացի կազմակերպաիրավական վիճակից, մյուս հատկանիշներով նույնանում է Ազգային ժողովում արդեն իսկ գոյություն ունեցող քննիչ հանձնաժողովի հետ»:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2002 թվականից զբաղեցնելով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, չի կասեցրել երեք ընկերությունների կողմից հողատարածքների ոչ նպատակային օգտագործելը, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Արագածավան համայնքին: