ԲՀԿ-Ն ԺԱՄԱՆԱԿ ԿՁԳԻ, ՀՀԿ-Ն ԿԸՄԲՈՍՏԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկոալիցիոն խմորումները գնալով նոր թափ են ստանում: Իհարկե, ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն հերքում են կոալիցիայի ներսում սկիզբ առած տարաձայնությունները, անվստահության մթնոլորտի պատճառով հերթական հայտարարության ստորագրման հավանականությունը, բայց ապարդյուն: Ե՛ւ ՀՀԿ մամուլի խոսնակը, ե՛ւ ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, թե ուրբաթ օրը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր, այդ թվում անդրադարձ է եղել կոալիցիային: Սակայն նրանք չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել՝ պատճառաբանելով, որ  հաջորդ նիստում եւս այն շարունակվելու է: Այլ կերպ ասած՝ հասկացնում են, որ սպասում են ԲՀԿ պատասխանին, որից հետո եւ կհրապարակեն իրենց որոշումը:Կոալիցիոն ուժերը ճիշտ նույն գործելաոճն էին որդեգրել նաեւ տարեսկզբին: Այն ժամանակ էլ քննարկումներ էին ընթանում 2013թ. ընտրություններում գործող նախագահին պաշտպանելու վերաբերյալ կոալիցիոն հայտնի հայտարարությունը ստորագրելու մասին, որին, սակայն, ԲՀԿ-ն դիմադրում էր: Ու թեեւ Սերժ Սարգսյանը ստիպեց ԲՀԿ-ին ստորագրել իրեն սատարելու մասին հայտնի հայտարարությունը, սակայն դրանից հետո եւս Գագիկ Ծառուկյանը նախագահի հաջորդ ընտրություններում ԲՀԿ թեկնածուի մասին խոսելիս հարցը պարզապես «ցրում է»՝ կես-կատակ, կես-լուրջ հայտարարելով. «Այդ մասին հաջորդ դասին»: Ընդ որում՝ վերջին նման հայտարարությունը Ծառուկյանն արեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո. Քոչարյանը չէր բացառել ակտիվ քաղաքականություն իր վերադարձի հավանականությունը, իսկ Ծառուկյանն ասաց, թե նա ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական իրավունք ունի վերադառնալու համար:Դժվար չէ գուշակել, թե որն է լինելու իշխող կոալիցիայի հերթական հայտարարության թեման. կոալիցիոն կուսակցությունները ստորագրելու են ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին հուշագիր: Մանավանդ, որ փետրվարի 17-ին ստորագրված հայտարարության մեջ արդեն կային նման ակնարկներ. այն ժամանակ կոալիցիոն կուսակցությունները նշել էին, որ իրենք «միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:Իհարկե, այս ընթացքում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը հայտարարել են, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու են միայնակ: Սակայն հասկանալի է, որ Ս.Սարգսյանի ցանկության դեպքում նրանք երկուսն էլ կփոխեն իրենց մտադրությունները, իսկ իրենց քայլը հերթական անգամ կբացատրեն երկրի առաջ ծառացած մարտահրավերներով եւ ԼՂ խնդրում գոյություն ունեցող իրավիճակով:Ս.Սարգսյանն ինքն էլ գիտի, որ ԱԺ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների՝ առանձին-առանձին գնալու տարբերակը ձեռնտու չէ ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ ՕԵԿ-ին, այլ դա կբխի միայն ԲՀԿ շահերից: ՕԵԿ-ի դեպքում հասկանալի է, որ այս կուսակցությունն ամենավառ երազում անգամ ինքնուրույն չի կարողանա հաղթահարել ԱԺ անցնելու համար նվազագույն շեմը, ուստի նրանք մեծ երախտագիտությամբ կհամաձայնեն դառնալ ՀՀԿ կցորդը, միայն թե մի քանի մանդատ ունենան ԱԺ-ում:Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այս կուսակցությունը, շնորհիվ իր իշխանական-ադմինիստրատիվ ու ֆինանսական ռեսուրսների, իհարկե, որեւէ խնդիր չի ունենա ԱԺ ընտրություններում պատկառելի ձայներ ստանալու համար: Բայց միայնակ մասնակցելու դեպքում, երբ ընթանա լուրջ պայքար մի կողմից ԲՀԿ-ի, մյուս կողմից Հայ ազգային կոնգրեսի հետ, հարցականի տակ կդրվեն ՀՀԿ-ի՝ մեծամասնություն կազմելու ցանկությունները: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, ինչպես ենթադրվում է այս կուսակցության նախագահի հայտարարություններից, ձգտելու է խորհրդարանում ունենալ մեծամասնություն: Դա կարող են անել հետեւյալ ճանապարհով. ընտրություններից առաջ՝ վերջին պահին, դուրս գալով կոալիցիայից ու որդեգրելով ընդդիմադիր կեցվածք, իսկ մյուս կողմից ունենալով ադմինիստրատիվ եւ հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ԲՀԿ-ն կկարողանա սպասվածից մեծ ձայներ ստանալ, բնականաբար, հենց ի հաշիվ ՀՀԿ-ի: Ընդ որում՝ ԲՀԿ-ի՝ ընտրություններին մոտ կոալիցիան լքելու դեպքում արդեն Ս.Սարգսյանը չի հասցնի գործի դնել իշխանական ճնշումների հայտնի ռեսուրսները: Ու այդքանից հետո, խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ԲՀԿ-ն հանգիստ կստիպի Սարգսյանին վարչապետ նշանակել իր թեկնածուին: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը քաջ գիտակցում են այս սցենարների տարբերակները: Ուստի փորձում են խնդիրը լուծել ի սկզբանե: Ինչեւէ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք որեւէ մեկնաբանություն չունեն մամուլում շրջանառվող տարբեր լուրերի ու վարկածների առնչությամբ: «ԲՀԿ օրակարգում կոալիցիայից դուրս գալու հարց չկա: ԲՀԿն-ն նման առաջարկ չի ստացել»,-ասաց նա: Իսկ խորքային գործընթացները դեռ շարունակվում են` խոստանալով հետաքրքիր զարգացումներ: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս