Բուհերի օպտիմալացում կլինի, բայց չենք պատրաստվում դա ստիպողաբար և կտրուկ իրականացնել: Այս մասին դեռեւս ամիսներ առաջ հրավիրված ասուլիսում հայտնել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ բուհերի օպտիմալացման հարցը քննարկվել է բուհերի ռեկտորների խորհրդի նիստում:
«Շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, քննարկում ենք կրթության ռազմավարությունը: Բուհական համակարգը պետք է համապատասխանի հստակ ստանդարտների: Եթե ստանդարտները մշակենք, բուհերն ավտոմատ կօպտիմալանան: Բավականին խիստ ստանդարտներ պետք է սահմանվեն, և, կարծում եմ, այդքան ռեսուրս չունենք, որ մի քանի տասնյակ բուհ լինի: Արդյունքում կլինի օպտիմալացում»,- նշել էր Դումանյանը:
Հաշվի առնելով վերջին քննարկումները ԲՈՒՀ-երի օպտիմալացման վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ:
«ԲՈՒՀ-երի օպտիմալացման մասին խոսակցությունները միայն օդում են, այսինքն առարկայան որեւէ առաջարկ կամ քննարկում չի եղել: Պաշտոնական որեւէ բան չկա:Ավելին նման խոսակցություններ դեռ 90-ականներից կան, բայց մենք դեռ անցած տարի նշեցինք մեր 100-ամյակը»,-նշեց Հովհաննիսյանը:
Լիդա Եղիազարյան