ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնաճ և տնտեսության անկում Հայաստանում. ինչ է կանխատեսում Համաշխարհային բանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի կողմից ապրիլի 11-ին հրապարակվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, որում ներկայացված են նոր կանխատեսումներ` այդ թվում Հայաստանի տնտեսության մասով:

Համաձայն Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումների` 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%, սակայն 2022թ. հունվարին արվել էր  4.8% կանխատեսում: Հետաքրքիր է, որ 2023 թվականի տնտեսական աճի սպասումները ևս նվազեցվել են` այս անգամ կազմելով 4.6%` հունվարի 5.4% կանխատեսման փոխարեն:

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2022թ. կկրճատվեն մասնավոր տրանսֆերտները և իրական աշխատավարձերը: Անորոշությունների աճի պայմաններում ներդրումները ևս կկրճատվեն` գրանցելով -0.9% անկում:

Մյուս կողմից, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ոլորտը կշարունակի ճնշվել կառուցվածքային խնդիրների առկայության պատճառով, ինչի արդյունքում ոլորտում 2022թ. ակնկալվում է ընդամենը 0.2% աճ: Արդյունաբերության ճյուղը ևս զգալիորեն կտուժի առկա անորոշությունների բարձր մակարդակից` կրճատվելով մինչև -1.1%: Ծառայությունների ճյուղը` սպառման կրճատման ֆոնին կաճի համեստ տեմպով` գրանցելով ընդամենը 2.6% աճ:

Տնտեսական աճի դանդաղմանը համընթաց Համաշխարհային բանկի կանխատեսումներով պետական եկամուտները ևս կկրճատվեն` կազմելով ՀՆԱ-ի 24.0%-ը: Դրան զուգահեռ` պետությունը հարկադրված է լինելու ընդլայնել ծախսերը` հատկապես սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով: Նշվում է, որ հանքահումքային ապրանքների շուկայում 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 9.8%:

Նույն կանխատեսումներով 2022 թվականին աղքատության մակարդակը (նկատի է առնվում 2011թ. գներով, գնողունակության պարիտետով ճշգրտված 5.5$-ի շեմը) Հայաստանում կկազմի 39.6%: Ընդ որում, ռուս-ուկրաինական պատերազմի տեղի չունենալու պարագայում այս ցուցանիշը ակնկալվում էր 36.6%-ի մակարդակում: Համաշխարհային բանկի զեկույցում նաև նշվում է, որ մասնավոր տրանսֆերտների կրճատման, կոմունալ վճարների թանկացման և սննդամթերքի գների բարձրացման պայմաններում կաճի բնակչության խոցելիությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս